12:39 | 25.02.26 | Հարցազրույցներ | exclusive 299
Ստարտափ խորհրդատու, Կոպենհագենում անցկացվող Pangea Summit-ի Fundraising Lead Լարս Վեստերգաարդն աշխատում է հայկական ստարտափների հիմնադիրների հետ։ Նա ակտիվորեն ներգրավված է Plug and Play հարթակում մենտորական գործունեության մեջ եւ հետեւում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։
iTel.am-ին տված հարցազրույցում Լարս Վեստերգաարդը կիսվել է Հայաստանի ներուժի մասին իր տեսլականով, միջազգային համագործակցությունների, վաղ փուլի ստարտափ հիմնադիրների մտածելակերպի ու գլոբալ հաջողության հասնելու մասին։
- Ինչպիսի՞ն է տեղական ստարտափ էկոհամակարգի հետ աշխատելու Ձեր փորձառությունը։
- Այստեղ ամենից շատ աչքի է ընկնում այն, որ վերեւից մինչեւ ներքեւ բոլորը լուրջ են վերաբերվում իրենց առաքելությանը՝ միաժամանակ դրական եւ մարդկային ձեւով։ Զգացվում է, որ մարդիկ գիտեն՝ ինչու համար են այստեղ եւ ինչ նպատակի պետք է հասնել։
Ամենից շատ ինձ զարմացնում է, թե որքան արագ են հարաբերությունները զարգանում եւ դառնում անձնական։ Նույնիսկ եթե նախկինում որեւէ մեկին շատ չեմ հանդիպել, այնուամենայնիվ, շատ արագ են ձեւավորվում վստահության վրա հիմնված ամուր աշխատանքային հարաբերություններ։ Նաեւ անկեղծ հետաքրքրություն եմ տեսնում, որ մարդիկ բաց են օգնելու, աջակցելու հարցում:
Երբ առաքելությունը հստակ է եւ շրջապատված ես մարդկանցով, որոնք իսկապես ցանկանում են ինչ-որ բանի հասնել, նրանց նոր հնարավորություններ ներկայացնելը դառնում է իմաստալից։ Կա իրական երկխոսություն ու գործողություն։
- Ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա վիճակը այն մարդուն, ով մտածում է այստեղ ներդրում կատարել։
- Այն թերագնահատված է, հատկապես՝ իր տեխնոլոգիական ներուժի առումով։
Էկոհամակարգը կարող է չընկալվել որպես մեծ շուկա, քանի որ երբ մարդիկ Հայաստանը դիտարկում են միայն ներքին շուկայի տեսանկյունից, տեսնում են փոքր երկիր, դա, սակայն, ճիշտ դիտանկյունը չէ։ Իրական հարցն այն է՝ կարո՞ղ է «արտադրված է Հայաստանումը» դառնալ իսկական որակի նշան։
Հայկական ստարտափները որդեգրել են այն սկզբունքներից մեկը, որը ես մշտապես ընդգծում եմ՝ մի՛ խոստացեք ավելին, բայց ապահովեք ավելին, ինչ խոստացել եք։ Ես իրականում տեսել եմ, թե ինչպես է այդ մտածելակերպն այստեղ կյանքի կոչվում։ Դա հզոր է։
- Շատ հայկական ստարտափներ նպատակ ունեն ընդլայնվել միջազգային շուկաներում։ Ի՞նչ մարտահրավերների են նրանք բախվում։
- Այստեղ շատ ստարտափներ ունեն միջազգային ընդլայնման մեծ ու հավակնոտ ծրագրեր, ինչը հիանալի է։ Բայց ես նրանց միշտ չէ, որ հաճելի բաներ եմ ասում․ երբ մտնում եք եվրոպական կամ ասիական շուկա, կարող է չլինի այնպիսի ընդունելություն, ինչպիսին սպասում եք։
Ես մշտապես շեշտում եմ ուժեղ միջազգային գործընկերների կարեւորությունը. եթե փոքր երկրից եք եւ մուտք եք գործում արտասահմանյան մեծ շուկա, ձեզ անհրաժեշտ են տեղական գործընկերներ, որոնք հասկանում են այդ էկոհամակարգը։
Բավարար չէ միայն միջազգային վենչուրային կապիտալ ստանալը, անհրաժեշտ են նաեւ գործընկերներ, որոնք կարող են աջակցել ընդլայնմանը, go-to-market ռազմավարությանը եւ տեղական դիրքավորմանը։
Եթե ամփոփեմ՝ պետք է գտնել գործընկերներ, աշխատել եւ հետեւողականորեն մատակարարել ավելին, քան խոստացել եք։ Եթե դա անեք, աշխարհը, վերջապես, կճանաչի Հայաստանից եկող որակը։
- Ի՞նչ դեր է խաղում Plug and Play Tech Center-ը այստեղ եւ ինչպես է այն աջակցում հայկական հիմնադիրներին։
- Գուցե կողմնակալ եմ, բայց ես իսկապես հիանում եմ Plug and Play-ի աշխատանքով։ Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք իրական արդյունք ապահովում։
Նրանց հիմնական ուժեղ կողմերից մեկը հենց այն է, ինչի մասին խոսեցի՝ քիչ խոստանալ, շատ անել։ Նրանք էկոհամակարգին մոտենում են լրջությամբ եւ պատասխանատվությամբ։ Փաստը, որ քննարկվում է նրանց ներգրավվածության ընդլայնումը, ցույց է տալիս, որ Plug and Play Tech Center-ի ազդեցությունը ճանաչվում է նաեւ կառավարական մակարդակում։