11:34 | 07.05.25 | Նորություններ | 201
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին:
Հայկական ոլորտային կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Ցուցահանդեսին մասնակցում է ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը`այցելու:
Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ՝ Հունաստանի Ազգային պաշտպանության եւ Հունաստանի Ծովային գործերի եւ կղզային քաղաքականության նախարարությունների հովանու ներքո:
Բարձր հեղինակություն ունեցող միջազգային պաշտպանական ցուցահանդեսին միջազգային կազմակերպությունները ներկայացնում են ցամաքային, ծովային, օդատիեզերական, ազգային եւ կիբեռանվտանգության պաշտպանական համակարգեր:
Այն միավորում է պաշտպանական ոլորտի համաշխարհային ներկայացուցիչներին Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Աֆրիկայից, Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայից ու Մերձավոր Արեւելքից՝ նպաստելով միջազգային համագործակցությանը, տեխնոլոգիական առաջընթացին եւ տնտեսական աճին:
Ցուցահանդեսի ընթացքում անցկացվող քննարկումները, ներկայացումները եւ պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող նիստերը օգնում են ցուցադրողներին ուսումնասիրել շուկայի նորահայտ միտումներն ու մարտահրավերները՝ բարելավելու իրենց բիզնես ռազմավարությունը, ներդնելու լավագույն փորձը եւ միջազգայնացնելու իրենց արտադրատեսակները: