Հայկ Եսայանը
Հայկ Եսայանը
00:28 | 21.07.25 | Հարցազրույցներ | exclusive 211
2025թ. հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ արհեստական բանականության ամպային ծառայություններ մատուցող Firebird ընկերությունը, Հայաստանի կառավարությունը, NVIDIA-ն եւ Team Group-ը Հայաստանում համատեղ առաջադեմ ԱԲ ենթակառուցվածք են կառուցելու։ Նշվում էր, որ նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ եւ կձեւավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք:
iTel.am-ը զրուցել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանի հետ:
- Նախաձեռնության իրականացնողների կազմը բավական հետաքրքիր է՝ աշխարհի ամենաթանկ գնահատվող կորպորացիաներից մեկը, հայկական սփյուռքը ներկայացնող գործարարներ, Հայաստանի կառավարություն, տեղական խոշոր ընկերություն: Թերեւս, հեշտ չէր այսպիսի «կազմ» հավաքագրել:
- Սկզբում շատ քչերն էին հավատում, որ հնարավոր կլինի, եւ միգուցե հենց դա նպաստեց հաջողությանը (ծիծաղում է-խմբ.): Եթե լուրջ խոսենք, ապա, կարծում եմ, հաջողությանը գրավականն այն է, որ բոլոր մասնակիցները ճիշտ մոտեցում ցուցաբերեցին՝ ճիշտ ժամանակին:
Ռեւ Լիբարիդյանի, Ռազմիկ Հովակիմյանի եւ Նուբար Աֆեյանի ներգրավման շնորհիվ մեր գաղափարը մասշտաբայնություն ձեռք բերեց, եւ սա այն դեպքերից է, երբ «տեխնոլոգիական հայերի» հավաքական ներուժը լավագույնս օգտագործվեց: Իսկ NVIDIA-ի մասնակցությունը նախագծին միջազգային մակարդակի «կնիք» ապահովեց, ինչն անչափ կարեւոր է:
Team-ի մասով կարող եմ ասել, որ մենք նախկինում էլ տվյալների կենտրոն կառուցելու գաղափար ունեինք, սակայն գիտակցում էինք, որ Հայաստանի ներքին օգտագործման ծավալները բավարար չեն լինելու եւ նպատակահարմար չէ նման նախագիծ անել միայն ներքին շուկայի համար:
Մենք շատ վաղուց հասկացել ենք, որ «վաղվա օպերատորը» այլեւս միայն կապի ծառայություններով տարբերվելու էական հնարավորություն չի ունենալու: Հետեւաբար, մենք պետք է տարբերվենք այլ լուծումներով եւ հիմա այդ ուղղությամբ ենք ընթանում, քանի որ կոմունիկացիան այսօրվա աշխարհում պարտադիր ոչ բավարար պայման է, ինչպես էլեկտրաէներգիան կամ ջուրը:
- Ի՞նչ ժամկետներում պետք է կառուցվի կենտրոնը:
- Աշխատանքը բավական ծավալուն է, բայց մեր առջեւ նպատակ ենք դրել այն ավարտին հասցնել 6-ից 8 ամսվա ընթացքում՝ նախապես ծրագրված 1 տարվա փոխարեն: Իհարկե, շատ բան կախված կլինի մատակարարումների ժամկետներից: Եթե նման կենտրոն կառուցվելու լիներ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, ամեն ինչ ավելի արագ կլիներ՝ Հայաստանի պարագայում կան լոգիստիկ դժվարություններ: Մյուս կողմից, վստահություն ունենք, որ աշխատանքները, որոնք գտնվում են մեր ընկերությունների խմբի տիրույթում, նախատեսվածից ավելի արագ կկատարենք:
Բոլոր գործընթացները ավելի արագ կազմակերպելու հարցում մեզ աջակցել են ազգությամբ շատ գործարարներ՝ հաճախ օգտագործելով անձնական կապերը, ինչի համար իսկապես շատ շնորհակալ ենք բոլորին:
- Եթե ճիշտ եմ հասկանում, խոսելով կենտրոնի տարածաշրջանային կարեւորության մասին, ի նկատի ունեք ոչ միայն Հարավային Կովկասը:
- Այսօր մեր տարածաշրջանում նման դատա-կենտրոն չկա, որը միավոր ժամանակում նման ծավալի տվյալների մշակման հզորություն ունենա:
Կենտրոնը զարգանալու մեծ ներուժ ունի։ Խոսքը նույնիսկ ոչ թե տարածաշրջանի մասին է, այլ դրա աշխարհագրական սահմաններից շատ արագ դուրս գալու։
- Ովքե՞ր են օգտվելու կենտրոնի ծառայություններից:
- Բոլորը՝ մեծ կորպորացիաներից մինչեւ համալսարաններ եւ փոքր հետազոտական ընկերություններ: Բնականաբար, կարիքները եւ խնդիրները շատ տարբեր կլինեն, բայց կենտրոնը նախագծվելու այնպես, որ անհրաժեշտ ճկունություն ապահովի:
Հայկ Եսայանը