Apple-ն ազդարարել է, որ ավելի լրջորեն է վերաբերվում արհեստական բանականության մրցավազքում առաջ անցնելու իր ծրագրերին։

«Մենք արհեստական բանականությունը դիտարկում ենք որպես մեր կյանքի ամենահիմնարար տեխնոլոգիաներից մեկը։ Այն ինտեգրում ենք մեր սարքերում, հարթակներում եւ ամբողջ ընկերության աշխատանքում։ Մենք նաեւ զգալիորեն ավելացնում ենք ներդրումներն այդ ոլորտում», – հայտարարել է գործադիր տնօրեն Թիմ Քուկը՝ 2025-ի երրորդ եռամսյակի հաշվետվության ժամանակ։ 

«Apple-ի ամբողջ փիլիսոփայությունը միշտ եղել է՝ վերցնել ամենաառաջադեմ տեխնոլոգիաներն ու դարձնել դրանք հասանելի եւ հարմար բոլորի համար, դա մեր AI ռազմավարության սրտում է», – հավելել է նա։

Քուկը մանրամասնել է այս միտքը, որ Apple-ը բավական մեծ թվով աշխատակիցների է վերապատրաստում ԱԲ-ի ուղղությամբ, եւ այդ ներդրումները նպաստում են նաեւ կապիտալ ծախսերի աճին:

Ընկերությունը CNBC-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ բաց է միաձուլման եւ գնման գործարքների համար, որպեսզի արագացնի իր ճանապարհային քարտեզը։ Ըստ Apple-ի՝ այս տարվա ընթացքում այն արդեն ձեռք է բերել յոթ ընկերություն։ Զանգի ընթացքում Քուկը հավելել է, որ Apple-ը միջինը մի քանի շաբաթը մեկ գնում է որեւէ ընկերություն։

Apple-ին քննադատում էին ԱԲ դարաշրջանին անպատրաստ լինելու համար․ այն հայտարարել էր մի շարք ԱԲ գործառույթների մասին, որոնք դեռ չեն գործարկվել։ Ընկերությունն անգամ մեղադրվել էր ԱԲ-ով աշխատող բարելավված Siri ցուցադրելու մեջ, երբ այն իրականում դեռ պատրաստ չէր գործարկման։

Սակայն Apple-ը պաշտպանել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ շտապելու կարիք չկա․ միայն առաջինը լինելու համար սխալ գործառույթներ կամ թերի ապրանքներ շուկա հանելը սխալ մոտեցում է։ Հատկապես վտանգավոր է, եթե դրանք չեն աշխատում խոստացվածի պես։

Apple-ի համաձայն՝ այս պահին արդեն գործարկվել է ավելի քան 20 «Apple Intelligence» գործառույթ, այդ թվում՝ տեսողական վերլուծության, լուսանկարների մաքրման եւ գրելու գործիքներ։

Այս տարվա վերջում նախատեսվում է գործարկել նոր ԱԲ գործառույթներ՝ օրինակ՝ ուղիղ թարգմանություն եւ արհեստական բանականությամբ աշխատող մարզման օգնական։ Սակայն Siri-ի անհատականացված բարելավումները հետաձգվել են մինչեւ 2026 թվականը։