ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Intel-ի ղեկավարը՝ Լիփ-Բու Թանը, հրաժարական տա: 

Նրան կասկածում են չինական, այդ թվում՝ ռազմական ընկերությունների հետ կապերի մեջ։

Իր պահանջը Թրամփը հրապարակել է Truth Social սոցիալական հարթակում՝ նշելով, որ Լիփ-Բու Թանը «գտնվում է հակասական իրավիճակում, ուստի պետք է անհապաղ լքի իր պաշտոնը, խնդրի այլ լուծում չկա»։



Թանը դարձել էր Intel-ի գլխավոր գործադիր տնօրեն 2025 թվականի մարտին։ Մինչ այդ նա ղեկավարել է Cadence Design Systems ընկերությունը, որը ծրագրային ապահովում է մշակում չիպեր արտադրողների համար։ Intel-ում աշխատանքի ընդունվելուց հետո Թանը հայտարարեց ընկերության մասշտաբային վերակազմավորման մասին՝ նպատակ ունենալով «վերակենդանացնել» բիզնեսը։

Reuters-ը 2025 թվականի ապրիլին տեղեկացրել էր, որ Թանը՝ անձամբ կամ իր հիմնադրած ու ղեկավարած վենչուրային հիմնադրամների միջոցով, ներդրումներ է արել հարյուրավոր չինական ընկերություններում, որոնցից մի քանիսը կապ ունեն Չինաստանի զինված ուժերի հետ։ Ըստ տվյալների՝ նա 2012-ի մարտից մինչեւ 2024-ի դեկտեմբերն ընկած ժամակահատվածում միկրոչիպերի նախագծմամբ եւ արտադրությամբ զբաղվող չինական ընկերություններում ներդրել է առնվազն 200 միլիոն դոլար։

Այդ ժամանակ Reuters-ը նշել էր, որ Թանը վաճառել է իր բաժնեմասերը այդ ընկերություններում։ Սակայն գործակալությունն ուսումնասիրել է չինական տվյալների բազաները եւ պարզել, որ այդ ներդրումներից շատերը դեռ նշվում են որպես ակտիվ։

Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Cadence Design Systems ընկերությունը ընդունել էր, որ խախտել է արտահանման վերահսկման կանոնները, երբ իր չիպերը վաճառել է Չինաստանի Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանին։ Ընկերությունը համաձայնել է վճարել 140 միլիոն դոլար տուգանք։ Այդ բոլոր վաճառքները իրականացվել են Թանի ղեկավարության օրոք։

Reuters-ի փոխանցմամբ` օգոստոսի 6-ին հանրապետական սենատոր Թոմ Քոթը հարցում է հղել Intel-ի խորհրդի նախագահ Ֆրենկ Յիային՝ արդյոք ընկերությունում տեղյակ են եղել Թանի չինական կապերի եւ Cadence-ի դեմ հարուցված քրեական գործի մասին մինչ նրա նշանակումը եւ արդյոք նա դադարեցրել է այդ կապերը։