Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Ֆասթեքսի աջակցությամբ տեղի է ունեցել «Կոմիտաս» անունը կրող շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։

Այս տարի դիպլոմներ են հանձնվել մարքեթինգի եւ կառավարման, ինչպես նաեւ ԻԿՄ, իրավագիտության եւ ֆինանսների ֆակուլտետների ուսանողներին։ 
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, շնորհավորելով ուսանողներին ու նրանց ծնողներին, նշել է, որ այս տարվա դիպլոմների հանձնման արարողությունը բացառիկ է, քանի որ այս տարի նշում են համալսարանի 25-ամյակը։ 

«Ֆասթեքսը ՀՖՀՀ-ի ամենակարեւոր եւ երկարաժամկետ գործընկերիներից է: Բադալյան եղբայրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր համալսարանի նկատմամբ եւ կատարել են շատ ներդրումներ: Նրանք ամեն տարի մեզ տրամադրում են կրթաթոշակներ: Ֆասթեքսում աշխատում են ՀՖՀՀ-ի շատ շրջանավարտներ, որոնք զբաղեցնում են նախագծերի ղեկավարների պաշտոններ եւ Ֆասթեքսի համար հանդիսանում են շատ կարեւոր աշխատակիցներ։ Ես ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթեքսին համատեղ աշխատանքի եւ Հայաստանին ու հայ երիտասարդությանն իրենց նվիրման համար։

Առջեւում սպասվում են ավելի հետաքրքիր համագործակցություններ։ Մեծ հույս ունեմ ապագայում ավելի ամրապնդել մեր գործակցությունը՝ շատ կարեւոր թեմաների շրջանակում, ինչպիսին են արհեստական բանականությունը, բլոքչեյնը։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ ձեր նվիրվածության եւ վստահության համար»,- ասել է Սալվա Նակուզին: 

«Մեզ համար կրթությունը ոչ միայն արժեք է, այլեւ՝ ներդրում ապագայում։ Վստահ ենք, որ գիտելիքը մեր ժամանակների ամենահզոր արժույթն է։ Հենց կրթությունն է, որ թույլ է տալիս արարել, ստեղծել եւ այսօրվա մարտահրավերները վերափոխել վաղվա հնարավորությունների», - նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը: