Ucom-ի աջակցությամբ նոյեմբերի 17-ին Հայաստանում կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին այս տարի կմասնակցի 20 մասնակից՝ 19 երկրից։ 

Ucom-ն ավանդաբար հանդես է գալիս որպես միջոցառման գլխավոր աջակից։

Հայաստանում անցկացվող Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան Synopsys Armenia-ի նախաձեռնություններից մեկն է եւ միտված է խթանելու բարձր տեխնոլոգիական կրթության եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացումը։ 

Օլիմպիադան նախատեսված է մինչեւ 30 տարեկան երիտասարդ ճարտարագետների եւ ուսանողների համար եւ նպատակ ունի բացահայտել ու ոգեշնչել տաղանդավոր մասնագետներին, բարձրացնել հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, ինչպես նաեւ ձեւավորել գիտելիքներով, հմտություններով եւ համագործակցության ներուժով միավորված մասնագիտական գլոբալ համայնք։

«Ucom-ում մենք կարեւորում ենք այն նախաձեռնությունները, որոնք ձեւավորում են տեխնոլոգիական առաջատարների նոր սերունդ։ Բարձր տեխնոլոգիաներն այսօր մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից են։ Կարեւոր է ստեղծել այն միջավայրը, որտեղ երիտասարդ ճարտարագետները ու հետազոտողները հնարավորություն կունենան մրցել միջազգային դաշտում, ընդլայնել իրենց գիտելիքներն ու հմտությունները եւ կիրառել դրանք Հայաստանում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով․ առաջին փուլը կազմակերպվում է մասնակից երկրների մակարդակով, իսկ հաղթողները մասնակցում են եզրափակչին՝ Հայաստանում։ Այս տարի եզրափակիչ փուլում կներկայացվեն Հայաստանը, Բրազիլիան, Էկվադորը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Պարսկաստանը, Իսրայելը, Իտալիան, Հորդանանը, Լիբանանը, Պերուն, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Շրի Լանկան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն եւ Վիետնամը։ 

«Երկու տասնամյակ շարունակ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում փաստում է մեր երկրի գերազանցությունը միկրոէլեկտրոնիկայի  ոլորտում  եւ նորարարների հաջորդ սերնդին հզորացնելու մեր հանձնառությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում անցկացված օլիմպիադայի առաջին փուլի հաղթողների ժամանումը Հայաստան՝  օլիմպիադայի եզրափակիչ փուլին եւ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ընդգծում է մեր երկրի ակնառու տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադայի մասնակիցները մրցում են թվային ինտեգրալ սխեմաների նախագծման եւ թեստավորման, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծման եւ թեստավորման, կիսահաղորդչային սարքերի եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական խնդիրների շուրջ։ 

Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 18-ին՝ «Ինժեներական քաղաքում»։