13:27 | 20.11.25 | Նորություններ | 185
Հայաստանում 5G ցանցի հասանելիությունն այսօր արդեն իրականություն է․ Ucom-ն ավարտել է նոր սերնդի կապի ներդրումն երկրի մասշտաբով։
Այն հասանելի դարձնելով ՀՀ 49 քաղաքից 48-ում եւ հարյուրավոր բնակավայրերում, ինչպես նաեւ Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երեւան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա եւ Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ եւ հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։
2024 թվականի նոյեմբերին մեկնարկած աշխատանքների արդյունքում՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում Ucom-ը 5G-ն հասանելի է դարձրել երկրի բոլոր խոշոր բնակավայրերում։
«5G-ի ընդլայնումը մեզ համար պարզապես տեխնոլոգիական առաջընթաց չէ, այլ Հայաստանի բնակիչների համար ժամանակակից, արագ եւ կայուն կապ ապահովելու կարեւոր քայլ։ Մենք կատարեցինք մեր խոստումը. ընդամենը մեկ տարվա ընթացքում կարողացանք ապահովել 5G ծածկույթ՝ երկրի բնակչության ավելի քան 94 տոկոսի համար, դարձնելով այն իսկապես ազգային մասշտաբի տեխնոլոգիական նախագիծ։ Ենթակառուցվածքների արդիականացումն ու նորարար լուծումների ներդրումը շարունակելու են մնալ մեր հիմնական առաջնահերթություններից։ Մենք հավատում ենք, որ հուսալի եւ արագ ինտերնետը հնարավորություն է՝ կրթության, աշխատանքի, առողջապահության ու բիզնեսի համար», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ենթակառուցվածքների արդիականացման շարունակական, լայնածավալ աշխատանքների շնորհիվ Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլեւ միջազգային ստանդարտներին համապատասխան, կայուն եւ հուսալի կապ։ 5G տեխնոլոգիան բացում է թվային կյանքի նոր փուլ, որտեղ հնարավոր է ունենալ բարձրորակ տեսազանգեր աշխատանքի եւ ուսման համար, իրական ժամանակում փոխանցել մեծածավալ տվյալներ եւ լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի լուծումներից։
Ֆիքսված եւ շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաեւ 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։
Ucom-ից հայտնում են, որ 5G ցանցի ծածկույթում ընդգրկված չէ միայն Դաստակերտ քաղաքը՝ տեխնիկական եւ ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով։