ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները եւ առաջնահերթությունները։
Ներկայացվել են նաեւ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ցուցանիշները, պետական աջակցության նոր գործիքները, ոլորտի ռազմավարության մշակման ընթացքը եւ առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել ոլորտի ռազմավարական ծրագրի մշակման ընթացքին, որի շրջանակում սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղություններ՝
արհեստական բանականություն,
տվյալագիտություն,
մեքենայական ուսուցում,
ծրագրային ապահովման մշակում,
բիոինժեներիա եւ այլ տեխնոլոգիաներ։
Ռազմավարության հաստատումը նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում։
2024-ին ՏՏ ոլորտում գործող ընկերությունների քանակը հասել է 8,396-ի, իսկ 2025-ի տվյալներով՝ արդեն 12,026-ի։
2024-ին ոլորտի աշխատաշուկայում ներգրավված մասնագետների թիվը հասել է 41,541-ի, իսկ 2025-ին արձանագրվել է 41,431 աշխատակից։
2024-ին ՏՏ ոլորտի շրջանառության ցուցանիշը բարձրացել է մինչեւ 915 մլրդ 800 մլն դրամ, իսկ 2025-ին արդեն գերազանցել է 1 տրիլիոն դրամի սահմանը։
319 կազմակերպության եւ անհատ ձեռներեցի տրամադրվել է 8,87 մլրդ դրամի աջակցություն՝ մասնագիտական աշխատանքային միգրանտների ներգրավման, նոր շուկա մուտք գործող աշխատողների օժանդակության եւ գործող աշխատակիցների վերապատրաստման համար։
Գիտահետազոտական (R&D) աշխատանքների համար սահմանված արտոնություններից օգտվել է 67 կազմակերպություն, շուրջ 80 ծրագիր, որոնցում ներգրավված շուրջ 900 աշխատակցի համար սահմանվել է 10% եկամտահարկի դրույքաչափ՝ 20%-ի փոխարեն:
2025 թվականին ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ծրագրերի ֆինանսավորումը գերազանցել է 2.1 միլիարդ դրամը՝ շուրջ 50 տոկոսով ավելին, քան նախորդ տարի։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաեւ միջազգային աքսելերացիոն ծրագրերի, այդ թվում՝ Plug and Play-ի հետ համագործակցության արդյունքները, «Սեւան ստարտափ սամմիթ»-ի, Ինժեներական քաղաքի, «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնի գործունեությունը, 5G տեխնոլոգիայի ներդրման, արբանյակային ինտերնետի հասանելիության, կիբեռանվտանգության եւ թվայնացման ծրագրերը։
Առանձին անդրադարձ է կատարվել արհեստական բանականության եւ կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում ԱՄՆ հետ համագործակցությանը։ Դրա շրջանակում հայտարարվել է Հայաստանում արհեստական բանականության տվյալային կենտրոնի կառուցման նախաձեռնության մասին, որը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումներով՝ միջազգային տեխնոլոգիական գործընկերների ներգրավմամբ։
Անդրադարձ է կատարվել նաեւ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի գործունեությանը։ Այն ձեւավորվել է որպես հարթակ՝ միավորելու պետական կառույցների, մասնավոր հատվածի, գիտահետազոտական կազմակերպությունների եւ ստարտափների ջանքերը՝ արհեստական բանականության լուծումների մշակման եւ կիրառման ուղղությամբ։