11:19 | 23.02.26 | Նորություններ | 146

Plug and Play Armenia-ն ամփոփել է իր երկրորդ ինկուբացիոն ծրագիրը

Plug and Play Armenia-ն Երեւանում անցկացրել է իր երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ներկայացնելով բարձր աճ ունեցող 19 ստարտափ։

Expo Day-ը եզրափակել է 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Ստարտափները ներկայացրել են իրենց լուծումները հինգ ռազմավարական ուղղությունով՝ Enterprise AI, Առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, Առողջություն եւ մարդկային ազդեցություն, Կայունություն եւ Թվային շարժունակություն։ Ծրագրի ընթացքում հիմնադիրները ստացել են միջազգային մենտորություն եւ կատարելագործել իրենց արտադրանքները՝ համապատասխանեցնելով միջազգային շուկաների պահանջներին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ Plug and Play-ն աշխարհի խոշորագույն աքսելերատորներից է, որի հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ գործընկերությունը մեկնարկել է ոչ թե կարճաժամկետ արդյունքների, այլ՝ երկարաժամկետ, կայուն համագործակցության տեսլականով։ Առաջին փուլն արդեն հաջողությամբ իրականացվել է, կա նաեւ լավատեսություն՝ ապագայի համագործակցության եւ դրական արդյունքների նկատմամբ։

«Այս Expo-ն պարզապես ծրագրի ավարտ չէր, այլ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հասունացման հստակ արտահայտություն։ Ավելի քան 50 000 ստարտափ եւ 500 կորպորատիվ գործընկեր ներառող մեր գլոբալ ցանցի միջոցով մենք շարունակաբար խթանում ենք հայ հիմնադիրների մուտքը միջազգային շուկաներ եւ կապիտալի աղբյուրներ», - նշել է Plug and Play Armenia-ի տնօրեն Սոնա Գրիգորյանը։

Plug and Play Tech Center-ն առաջատար նորարարական հարթակ է, որը միավորում է ստարտափներին, կորպորացիաներին, վենչուրային կապիտալի հիմնադրամներին, համալսարաններին եւ պետական կառույցներին։ 

Plug and Play-ը ունի ներքին վենչուրային ներդրումային հիմնադրամ, որի միջոցով խթանում է նորարարությունը տարբեր ոլորտներում՝ ներդրումներ կատարելով հարյուրավոր հաջողված ընկերություններում, այդ թվում՝ Dropbox, Guardant Health, Honey, LendingClub, N26, PayPal եւ Rappi։