14:51 | 02.05.25 | Նորություններ | 397

Ucom-ը եւ Impact Hub Yerevan-ը գործարկում են Ucom Fellowship ծրագրի երկրորդ փուլը

Impact Hub Yerevan-ը եւ Ucom-ը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին:

Այս նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի հաջորդ սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար:

Ծրագիրը հիմնվում է անցյալ տարվա ձեռքբերումների վրա, երբ չորս նորարար թիմ՝ Flowtric-ը, Lamboo-ն, SmartPot-ը եւ Solatube Armenia-ն, հաջողությամբ մշակեցին եւ ներկայացրին նորարարական կանաչ լուծումներ՝ 8-ամսյա ինտենսիվ ուսուցումից հետո, որն ընդգրկում էր բիզնես մոդելավորում, արհեստական բանականություն, ֆինանսավորման ձեռքբերում եւ այլն: Flowtric-ը, որը 2024 թվականի հաղթողն էր, ստացավ 500 հազար դրամ՝ իր նորարարական հիդրոէներգետիկ տեխնոլոգիան ընդլայնելու համար:

«Մենք շատ ուրախ ենք շարունակել այս համագործակցությունը, քանի որ արդյունքներն իսկապես տպավորիչ էին: Կանաչ տեխնոլոգիաները վերջին շրջանում աշխարհում բոլորի ուշադրության կենտրոնում են, եւ մենք էլ ամեն ինչ կանենք՝ շարունակաբար նպաստելու այդ ուղղության զարգացմանը: Ես լիահույս եմ, որ մասնակիցները կրկին կառաջարկեն հիանալի գաղափարներ եւ այս փուլի վերջում կհասնեն լավագույն արդյունքների», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Անցյալ տարվա ծրագիրը մեծ անակնկալ էր մեզ համար․ այն բացահայտեց նորարարության բացառիկ մակարդակ եւ խորապես արմատավորված կանաչ մտածելակերպ, որը գերազանցեց մեր սպասելիքները: Այն ապացուցեց, որ Հայաստանն ունի իրական ներուժ՝ առաջատար դառնալու կանաչ նորարարությունների ոլորտում: Այժմ մենք ուրախ ենք աջակցել նորարարների նոր խմբի՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գործիքները՝ իրենց համարձակ գաղափարները իրականություն դարձնելու համար», - նշել է Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

Մեկամյա ինկուբացիոն ծրագրի նոր փուլն առաջարկում է գործնական սեմինարներ, փորձագիտական մենտորություն ոլորտի առաջատարների կողմից, մուտք դեպի Impact Hub-ի համաշխարհային ցանց, որն ընդգրկում է ավելի քան 100 վայր ամբողջ աշխարհում, ֆինանսավորման հնարավորություններ՝ լավագույն թիմերից յուրաքանչյուրին տրամադրելով 400 հազար դրամ:

Ծրագիրը փնտրում է նոր տեսլական ունեցող անհատների եւ թիմերի, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ կայունության առանցքային ոլորտներում, ներառյալ կանաչ էներգիան, ագրոտեխը, էկոտուրիզմը եւ շրջանաձեւ տնտեսությունը: Անկախ նրանից՝ դուք սկսնակ ստարտափ եք, հետազոտական թիմ, թե անհատ ձեռնարկատեր՝ պատրաստի նախատիպով եւ ընդլայնման նպատակով, այս ծրագիրը կատարյալ միջավայր է զարգանալու եւ աճելու համար: Բոլոր հետաքրքրված թիմերն ու անձինք կարող են ներկայացնել իրենց հայտը մինչեւ 2025 թվականի մայիսի 11-ը՝ ընտրությանը մասնակցելու համար: