Մեծ լեզվական մոդելների (LLM) ամառային դպրոցի երկրորդ շրջափուլը տեղի կունենա հուլիսի 24-ից 30-ը՝ AI9-ում, Երեւանում։

Ամառային դպրոցը նախատեսված է բարձր կուրսի բակալավրների, մագիստրոսական եւ նախադոկտորական ուսանողների, ինչպես նաեւ ակադեմիական եւ արդյունաբերական ոլորտների տեղական ու միջազգային հետազոտողների համար։ Սպասվում է ավելի քան 70 մասնակից։

Ծրագիրն ընդգրկում է դասախոսություններ, վարպետաց դասեր եւ հաքաթոն, որի ընթացքում մասնակիցները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները նորարարական նախագծերում։ Հաքաթոնը կանցկացվի հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը։

LLM ամառային դպրոցի այս տարվա դասախոսների թվում են՝

•    Արմեն Աղաջանյանը՝ PerceptronAI-ից, ով կվարի LLM-ների հիմունքների վերաբերյալ դասախոսություն, նաեւ կանդրադառնա մուլտիմոդալ մոդելներին։
•    Մայքլ Նուխովիչը՝ MILA-ից, կներկայացնի հետվարժողական տեխնիկաներ։
•    Նուա Ձիրին՝ Allen AI-ի հետուսուցման աշխատանքների համաղեկավարը (post-training efforts) OLMo-ի թիմից, կենտրոնանալու է տրամաբանող մոդելների վրա։
•    Ալեքս Դրուենը՝ ServiceNow-ից, կներկայացնի AI գործակալներին եւ գործիքների օգտագործումը։
•    Գոթիե Ժիդելը՝ MILA-ից, կանդրադառնա արհեստական բանականության անվտանգությանը։

Բոլոր մասնակիցները շաբաթվա ընթացքում կստանան մեկական GPU՝ Nebius-ի կողմից։ Մասնակցության հայտերն արդեն բաց են։ Բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ։