17:13 | 22.05.25 | Նորություններ | 1325
65 միլիոն 660 հազար դրամ կհատկացվի «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակում» միջոցառման համար։
ՀՀ կառավարությունը 2025 թվականի բյուջեով «Պետական աջակցություն ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին» միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներից 65 միլիոն 660 հազար դրամ կվերաբաշխի եւ կհատկացնի նոր՝ «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակում» միջոցառմանը։
Ծրագրի մշակումը սկսվել է 2024-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակում։ Ռազմավարական ծրագրի մշակող է ընտրվել «Ամերիա» ՓԲԸ-ն՝ Fraunhofer Institute for Systems and Innovation Research ISI-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 93 միլոն 800 հազար դրամ, իսկ աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվել է մինչեւ 2025 թվականի հուլիսի 30-ը։
2025 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցրել է «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Այդ հիմքով՝ լուծվել է նաեւ CNFA-ի եւ «Ամերիա» ՓԲԸ-ի միջեւ կնքված ենթապայմանագիրը։
Ռազմավարական ծրագրի մշակման գործընթացը նախատեսված էր իրականացնել 6 փուլով: Մինչ ենթապայմանագիրը լուծելը, խորհրդատվական ընկերությունը ավարտել է առաջին փուլի աշխատանքները, որի դիմաց ծրագրի միջոցներից կատարվել է վճարում ենթապայմանագրով սահմանված 9 միլիոն 380 հազար դրամի չափով։
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման 5 փուլը՝ 84 միլիոն 420 հազար դրամ արժեքով, կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի 4-րդ փուլը՝ 65 միլիոն 660 հազար դրամ արժեքով, կիրականացվի 2025 թվականի ընթացքում, համաձայն ժամանակացույցի, իսկ ավարտական փուլը՝ 18 միլիոն 760 հազար դրամ արժեքով, նախատեսվում է ավարտել 2026 թվականի առաջին եռամսյակում։