Հայաստանում այսօր նկատվում է առողջապահական նորարարությունների աճ՝ սկսած կազմակերպչական վերափոխումներից մինչեւ առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ, արհեստական բանականության վրա հիմնված նախագծերից մինչեւ նորաստեղծ ստարտափներ։ Այս ակտիվությանը զուգահեռ շարունակում է պահպանվել կարեւոր խնդիր՝ նորարարությունների ընդունումն ու մասշտաբավորումը։

Vickino առողջապահական նորարարական ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Վիքեն Օհաննեսյանը iTel.am-ի հետ զրույցում ներկայացրել է առողջապահության ոլորտում տեխնոլոգիաների ինտեգրման, ադապտացման ու դրանց մասշտաբավորման մասին։

Անձնական կապերն ու մեկուսացած համակարգը

Այսօր Հայաստանում մշակվում եւ ներդրվում են բազմաթիվ առողջապահական նորարարություններ՝ թվային առողջապահական գործիքներից եւ արհեստական բանականության նախագծերից մինչեւ ստարտափային լուծումներ:  Առողջապահական համակարգ այդ նորարարությունների հասնելու գործընթացը, սակայն, հիմնականում ոչ ֆորմալ եւ ոչ կառուցվածքային է։

Կազմակերպությունները եւ նորարարները գործում են մեկուսացված։ Համագործակցությունը հաճախ հիմնված է անձնական կապերի վրա, այլ ոչ թե՝ ազգային մակարդակով ձեւավորված հստակ մեխանիզմների, որոնք նախատեսված են լուծումները հայտնաբերելու, փորձարկելու, գնահատելու եւ մասշտաբավորման համար։

Այս մասնատված կառուցվածքը սահմանափակում է նորարարությունների ազգային մակարդակով ընդլայնման հնարավորությունները։ Առանց համակարգված ինտեգրման հարթակի՝ խոստումնալից նախագծերը հաճախ չեն կարողանում անցնել փորձնական փուլից այն կողմ։

Հավաքական ուժով ցանցի ստեղծումը 

Միջոցառման հիմնական նպատակը նորարարներին, առողջապահական մասնագետներին, որոշում կայացնողներին եւ ոլորտում առաջ շարժվել ցանկացողներին մեկ հարթակում համախմբելն էր։

Ցանցի ստեղծման միջոցով նպատակ ունեինք ցույց տալ, որ հավաքական ուժը կարող է զգալիորեն մեծացնել ազդեցությունը։ Երբ նորարարները միավորված են ընդհանուր հարթակի շուրջ, ձեւավորվում է «ցանցային ազդեցություն», որն արագացնում է լուծումների զարգացումը, փորձարկումն ու մասշտաբավորումը։

Հիմնական ուղերձը հստակ էր՝ Հայաստանում արդեն կան նորարարներ։ Այժմ անհրաժեշտ է համակարգված համագործակցություն եւ ենթակառուցվածքային հիմք՝ կայուն աճ ապահովելու համար։

Vickino Day-ը՝ մեկնարկային քայլ

Viсkino ընկերությունը առողջապահական նորարարությունների ոլորտում գործող կազմակերպություն է, որը հիմնականում զբաղվում է խորհրդատվական ծառայություններով, վերապատրաստումներով, աուդիտներով, ռազմավարության մշակմամբ, ինչպես նաեւ՝ ծրագրային ապահովման եւ լուծումների մշակմամբ՝ ՏՏ գործընկերների հետ համատեղ։


Թեպետ Vickino-ն ՏՏ ընկերություն չէ, սակայն այն համագործակցում է տեխնոլոգիական գործընկերների հետ՝ լուծումներ մշակելու եւ իրականացնելու համար։ Գործունեության ընթացքում ընկերությունը նկատել է համակարգային կրկնվող խնդիրներ, հատկապես՝ նորարարությունների ընդունման կառուցվածքային ուղիների բացակայությունը։

Այս դիտարկումները հիմք հանդիսացան հատուկ միջոցառում կազմակերպել՝ որպես մեկնարկային քայլ առողջապահական նորարարությունների ավելի համախմբված համայնք ձեւավորելու ճանապարհին։

Միջազգային փորձը որպես օրինակ

Կարեւոր է նշել, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եզակի չեն։ Շատ երկրներ են բախվում առողջապահական նորարարությունների ընդունման խնդիրների։

Այն երկրները, որոնք ձեւավորել են հստակ մեխանիզմներ՝ նորարարական լուծումները հայտնաբերելու, վերահսկվող միջավայրում փորձարկելու, դրանց ազդեցությունն ու անվտանգությունը գնահատելու եւ հաջողված մոդելները մասշտաբավորելու համար, առաջ են շարժվում զգալիորեն ավելի արագ։

Հայաստանի ՏՏ ոլորտը կարող է ծառայել որպես հաջող օրինակ։ Վերջին տարիներին երկրում ձեւավորվել է կենսունակ տեխնոլոգիական էկոհամակարգ։ Առողջապահության ոլորտում նմանատիպ կառուցվածքային մոտեցում կիրառելու դեպքում հնարավոր կլինի ձեւավորել նույն «ցանցային ազդեցությունը» եւ արագացնել զարգացումը։

Ներդրումները հայկական HealthTech-ում

Առողջապահական ներդրումների առումով Հայաստանը դեռ գտնվում է «զրոյական դաշտի» մակարդակում։ Ի տարբերություն լայն տեխնոլոգիական ոլորտի, առողջապահական տեխնոլոգիաների բրենդինգն ու դիրքավորումը բավարար զարգացած չեն։

Միջոցառման շրջանակում նախատեսված էր նաեւ առողջապահական ներդրումներին նվիրված առանձին պանելային քննարկում, որի նպատակն էր հասկանալ՝ ինչպես կարելի է ներգրավել ավելի շատ ներդրումներ, ինչպիսի շրջանակներ են անհրաժեշտ ու ինչպես ձեւավորել ներդրողների վստահությունը։

Առողջապահական տեխնոլոգիաները Հայաստանում իրականում հետաքրքիր ներդրումային ուղղություն են։ Ինչպես տեխնոլոգիական ոլորտը ժամանակի ընթացքում կարողացավ ձեւավորել իր բրենդն ու վստահությունը, այնպես էլ առողջապահական տեխնոլոգիաները պետք է անցնեն նույն ճանապարհը։

Բրենդավորումը, էկոհամակարգի զարգացումը եւ մասշտաբավորման կառուցվածքային մեխանիզմները վճռորոշ դեր կունենան։

Նոր տեխնոլոգիաների ընդունումն ու անվտանգության մեխանիզմները

Աշխարհում թվային գործիքներն ու առաջադեմ համակարգերը արդեն դառնում են առողջապահական ստանդարտ պրակտիկա։ Հայաստանը չպետք է վախենա այս զարգացումներից։ Հակառակը, նորարարությունների ընդունումը առաջընթացի անհրաժեշտ պայման է։

Հաջող ներդրման համար անհրաժեշտ են կարգավորող եւ վերահսկող համակարգ, բժիշկների պատշաճ վերապատրաստում ու կայուն եւ երկարաժամկետ ներդրման ռազմավարություն։

Առաջիկա քայլերը

Հայաստանը գտնվում է առողջապահության զարգացման կարեւոր փուլում։ Նորարարություններն արդեն ստեղծվում են։ Կա մասնագիտական ներուժ։ Լուծումները մշակվում են։ Հաջորդ փուլը պահանջում է համակարգված մոտեցում, ներդրումներ եւ ռազմավարական մտածողություն։

Ցանցերի ձեւավորման, հստակ շրջանակների մշակման եւ համագործակցության ամրապնդման միջոցով Հայաստանը կարող է անցնել մեկուսացված նախաձեռնություններից դեպի ազգային մակարդակով ինտեգրված եւ մասշտաբավորվող առողջապահական նորարարությունների էկոհամակարգ։ Հիմքը դրված է։ Այժմ կարեւոր է վերածել այդ ներուժը կայուն առաջընթացի։

Նունե Գրիգորյան