Ucom-ը եւ «Իմփաքթ Հաբ Երեւանը» ներկայացրել են 2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի ընտրված մասնակիցներին։

Տասը նորարարական թիմ, որ մշակում են շրջանաձեւ տնտեսության սկզբունքներին համահունչ լուծումներ։ Ծրագիրը մեկամյա ինկուբացիոն նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում շրջանաձեւ տնտեսության զարգացմանը։ 2025 թվականին ուշադրության կենտրոնում են շրջանաձեւ տնտեսության սկզբունքներն՝ սկսած գյուղատնտեսությունից մինչեւ նորաձեւություն, հիմնված «7R» փակ ցիկլի մոդելի վրա՝ հրաժարում, վերաիմաստավորում, նվազեցում, վերաօգտագործում, վերանորոգում, վերամշակում եւ վերականգնում։

Նախագծի մեկնարկը նշանավորվել է հանդիսավոր միջոցառմամբ, որը համախմբեց ձեռնարկատերերի, ոլորտի մասնագետների եւ «Իմփաքթ Հաբ Երեւանի» համայնքի անդամների։ Միջոցառումը ներառում էր ինտերակտիվ աշխատարան՝ նվիրված շրջանաձեւ տնտեսության հիմունքներին, ինչպես նաեւ փորձառու տեղական ձեռնարկությունների ներկայացուցիչների ելույթներ, որոնք ներկայացրին իրենց նորարարական լուծումները եւ անձնական փորձը շրջանաձեւ տնտեսության ոլորտում։

«Կանաչ տեխնոլոգիաները եւ կայուն մոտեցումները բիզնեսում Ucom-ի համար կարեւորագույն արժեքներից են, որոնք մենք խորապես գնահատում ենք, եւ ուրախ ենք աջակցել այս նախագծին՝ խրախուսելու տեղական ստարտափներին մտածել կանաչ: Կարեւոր է, որ հայ ձեռնարկատերերը հավատան՝ կայուն ու անվտանգ մոտեցումները կարող են լինել նաեւ շահութաբեր, միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը եւ համայնքային զարգացմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շրջանաձեւությունը միտում չէ. այն Հայաստանի տնտեսության կայուն ու հեռանկարային ուղին է։ Այս տարվա Ֆելլոուշիփ ծրագիրը, Ucom-ի հետ համագործակցությամբ, նպատակ ունի նորարարներին տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ թափոններն արժեքի վերածելու եւ գաղափարները մասշտաբային բիզնեսի վերածելու համար», - ասել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի ընտրված մասնակիցներն են՝

Eco Habit․ վերամշակելով նեյլոնե հնամաշ զուգագուլպաները՝ ձեռքով ստեղծում է դիմացկուն գորգեր՝ միաժամանակ ապահովելով աշխատանք խոցելի խմբերի համար։ Զրո-թափոն մոտեցմամբ՝ նախագիծն օգնում է նվազեցնել տեքստիլ թափոնները՝ առանց քիմիական նյութերի կիրառման։

SeElabUS․ արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ՝ ՓՄՁ-ների համար, որը մատուցում է խաղայնացված ուսուցում եւ միավորում ձեռնարկատերերին ներդրողների եւ շուկաների հետ։

Bee Green․ արտադրում է բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ՝ նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի օգտագործումը։ Լիովին կենսաքայքայվող արտադրանքը փակ ցիկլի կայունություն է դրսեւորում եւ ունի մեկ տարվա օգտագործման ժամկետ:

BioHumus․ գյուղատնտեսական թափոնները վերածում է օրգանական պարարտանյութի՝ օգտագործելով վերմիկոմպոստացման մեթոդը։ Այս շրջանաձեւ գործընթացը բարելավում է հողի առողջությունը՝ միաժամանակ կանխելով գյուղատնտեսական թափոնների հայտնվելը աղբավայրերում:

SunHome Stepanavan․ կայուն տուրիզմի էկո-հյուրատուն Ստեփանավանում, որը կիրառում է արեւային էներգիա, անձրեւաջրերի հավաքում եւ թափոնների վերամշակում՝ տեղական արտադրողների ներառմամբ։

Zenith Academy․ վերապատրաստում է մասնագետներին վերականգնվող էներգիայի ոլորտում՝ օգտագործելով հնացած սարքավորումներ եւ գործնական ուսուցման մոդել։ Նրանց խելացի էներգետիկ լաբորատորիաները ցուցադրում են շրջանաձեւության սկզբունքները՝ արդյունաբերական թափոններից էներգիա արտադրելու նախագծերի միջոցով:

Grant Legacy․ օգտագործում է կոմպոստացված թափոններ՝ բուժիչ խոտաբույսերի մշակումում, ինչի արդյունքում ստացվում են թեյեր, օճառներ եւ մոմեր։ Արեւային էներգիայով չորացումը եւ սերմեր ստանալուց մինչեւ վաճառքի ամբողջ գործընթացը ապահովում են զրո-թափոն արտադրական ցիկլ:

By Botany․ եղինջի մանրաթելից պատրաստում է կենսաքայքայվող տեքստիլ, իսկ բրենդի որոշ հագուստներ նույնիսկ ներառում են սերմեր, որոնցից հետո բույսեր են աճում։

4Green․ մշակում է արհեստական բանականությամբ օպտիմիզացված HVAC համակարգեր՝ շենքերի էներգասպառումը մինչեւ 30% կրճատելու եւ սարքավորումների կյանքը երկարացնելու նպատակով։

A-nush Textile․ ստեղծում է կրթական տիկնիկներ՝ տեքստիլի արտադրամասերի մնացորդներից՝ աջակցելով կանանց ձեռքի աշխատանքին եւ կանխելով թափոնների կուտակումները։

Այս 12-ամսյա ծրագրի ընթացքում մասնակից թիմերը կստանան փորձագիտական մենտորություն եւ դասընթացներ՝ շրջանաձեւ գործընթացների եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բիզնես մոդելավորման, արհեստական բանականության եւ կանաչ ֆինանսավորման վերաբերյալ: Նրանք նաեւ կմիանան աշխարհի 100-ից ավելի քաղաքում ներկայություն ուենցող «Իմփաքթ Հաբ» ցանցին։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից երեք նախագծերը կստանան մինչեւ 400 000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։