11:02 | 03.06.25 | Նորություններ | 724
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին:
Շրջայցին մասնակցել են նաեւ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, շինարարական աշխատանքներն իրականացնող «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտները:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շինարարական փուլերին, տարածքի ներքին կառուցվածքին եւ դրա նշանակությանը՝ որպես «Ինժեներական քաղաքի» կենտրոնական հանգույցներից մեկը:
Շրջայցից հետո Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաքի» գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաեւ միջազգային եւ տեղական գործընկերների հետ համագործակցության շրջանակն ու զարգացմանն ուղղված քայլերը։
Ելույթով հանդես է եկել նաեւ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով բիզնես աքսելերատորի շենքի դերը՝ որպես նորարական գաղափարների իրագործման եւ ինժեներական համայնքի ապագա հարթակ։
Դեսպան Սոբհանին, իր հերթին, կարեւորել է Իրանի եւ Հայաստանի միջեւ շարունակական համագործակցությունը, շնորհավորել է բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ՝ նշելով այն որպես տեխնոլոգիական կարեւորագույն կենտրոն Հայաստանում։