15:29 | 12.06.25 | Նորություններ | 818
Հունիսի 8-ին Թումոյի՝ արհեստագործությանը եւ դիզայնին նվիրված նախագիծը՝ Թումո ստուդիաները համատեղել է իր հիմնադրման ութամյակի տոնակատարությունը եւ նորամուտը Արամի 44 հասցեում գտնվող հուշարձան շենքում։
Ճարտարապետական յուրահատկությունների մանրակրկիտ պահպանությամբ վերանորոգված պատմական շենքում տեղի է ունեցել Թումո ստուդիաների ուսանողական աշխատանքների ցուցադրությունը։
Թումո ստուդիաները հիմնադրվել է 2017 թվականին։ Նախագիծը տրամադրում է անվճար կրթություն տասնութից բարձր տարիքի երիտասարդներին արհեստների եւ դիզայնի ոլորտներում՝ ասեղնագործություն, հագուստի կոնստրուկտավորում եւ մոդելավորում, զարդերի պատրաստում, խեցեգործություն, մաղատպագրություն, պրոդուկտ դիզայն եւ այլն։
Թումո ստուդիաներում արհեստները միահյուսվում են ժամանակակից դիզայնի ու ավանդական աշխատանքային տեխնիկաների հետ՝ ստեղծելով բարձրորակ եւ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք։
«Թումոն մշտապես կարեւորում է թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը եւ արժեւորումը՝ որպես ստեղծարարության եւ նորարարական մտածողության նախապայման։ Այդ պատճառով ուրախ եմ, որ Թումո ստուդիաների նոր տունը հենց այս նշանավոր պատմական շենքում է։ Վստահ եմ, որ պատմությամբ ու արվեստով լեցուն այս հարմարավետ տարածքում ուսանողները կգտնեն ոգեշնչման անսպառ աղբյուր եւ կստեղծեն իսկապես արժեքավոր գործեր», - նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։