Մեկ տարի առաջ մայիսյան հեղեղումների պատճառով Դեբեդն ամբողջությամբ փոխել էր Քարկոփ գյուղի կյանքը:

Լոռու մարզի այս բնակավայրն ամենաշատն էր տուժել բնական աղետից: Ամբողջովին մեկուսացված գյուղում շարքից դուրս եկած ենթակառուցվածքների թվում էր շուրջ 30 տարվա դադարից հետո վերաբացված մանկապարտեզը: Քարկոփցին բնականոն կյանքին վերադառնալու ամբողջ ընթացքում ստիպված էր կրկնել երեխաներին գյուղից գյուղ մանկապարտեզ տանելու երբեմնի պրակտիկան: Դա ոչ միայն հեշտ չէր, այլեւ ֆինանսական լրացուցիչ բեռ էր մանկահասակ երեխա ունեցող ընտանիքների համար: 

Գյուղացիների կողքին կանգնելու նպատակով Viva-ն նախաձեռնել էր մանկապարտեզի շենքի վերանորոգման եւ դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման շինարարությունը:  Գարնանն այստեղ ակտիվ աշխատանքներ էին տարվում: Դրանք արդեն ավարտվել են՝ անցյալում թողնելով խնդիրներն ու դրանց հետ կապված հիշողությունները: «Հեքիաթ»-ն իր դռներն է բացել տեղի փոքրիկների համար:

«Բազմաթիվ հարցեր լուծվեցին. երեխաներն արդեն սեփական բնակավայրում մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունեն: Նրանք զրկված էին նախադպրոցական կրթության իրավունքից: Լուծվեց նաեւ աշխատատեղերի հարցը. աշխատողները պարապուրդի մեջ էին, իսկ այժմ հնարավորություն ունեն նորից սկսել իրենց աշխատանքը: Սա նաեւ ընտանիքների ֆինանսական բեռը թեթեւացրեց», - ասել է մանկապարտեզի տնօրեն Ասպրամ Ամիրջանյանը։

«Առաջին հայացքից մենք տեխնիկական հարց ենք լուծել Քարկոփ գյուղում: Գուցե շենքի վերանորոգումը կամ ջեռուցման ապահովումը տեղավորվում են մտածողության այդ տիրույթում, սակայն մենք ձգտել ենք ավելի կարեւոր արդյունք ապահովել՝ մանկության եւ երիտասարդության տարիների հիշողությունները դարձնել ավելի լուսավոր: Դա կարեւոր է մարդու հետագա ամբողջ կյանքում՝ համարձակ նպատակներ սահմանելու եւ դրանց իրականացման ուղղությամբ շարժվելու համար: Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ միջավայրը նպաստելու է այդ ամենին», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Viva-ն լուծել է նաեւ դպրոցի լոկալ ջեռուցման խնդիրը: 38 տարի առաջ վերաբացված դպրոցը երբեւէ պատշաճ կերպով չի ջեռուցվել: Դասասենյակները տաքացվել են վառարաններով կամ էլեկտրական տաքացուցիչներով: Դպրոցի տնօրեն Մարինե Ղումաշյանը պատմել է, որ գործադրվել են մեծ ջանքեր՝ դասասենյակներում սանիտարական պայմաններին համապատասխան ջերմաստիճան ապահովելու համար, սակայն արդյունքը չի գերազանցել 18 աստիճանը: Էլեկտրական հոսանքազրկման դեպքերում ջերմաստիճանը կտրուկ նվազել է, իսկ փայտե վառարաններից հաճախ դուրս եկող ծուխը խաթարել է դասապրոցեսը: Դպրոցի փայտյա հատակին կայծ հայտնվելու հնարավորությունն էլ կարող էր հրդեհի պատճառ դառնալ: Բարդ հիշողությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Քարկոփի դպրոցը պատրաստ է նոր ուսումնական տարվան: