«Փարոս» երգչախումբն ընկալումներն ու աշխարհը փոխելու հերթական նախաձեռնությունն է իրականացրել է Տավուշում՝ ֆլեշմոբի ձեւաչափով:

Կոտրել կարծրատիպերը, մերժել անտարբերությունը, լինել լավատես եւ համախմբված՝ անկախ հանգամանքներից․ «Փարոս» երգչախումբն ավելի քան երեք տասնամյակ տարբեր հարթակներից, այդ թվում՝ միջազգային բեմերից, այս ուղերձն է հղում հասարակությանը:

«Փարոսն» իր տեսակի մեջ եզակի է՝ ներառական: Երգիչներից շատերը սայլակավոր են կամ այլ տեսակի հաշմանդամություն ունեն: Թեեւ տարբեր են հնարավորություններով, բայց միասնական՝ նպատակներով եւ դրանք իրականացնելու կամքով: Այստեղ երաժշտությունը ոչ միայն հոգեբանական ռեաբիլիտացիա ապահովելու միջոց է, այլեւ կամուրջ՝ ներառականություն ապահովելու հարցում: 

««Փարոս» կամերային երգչախմբի առաքելությունն է հայ մշակութային ժառանգությունն արժանապատվորեն ներկայացնել միջազգային հարթակներում եւ մեր օրինակով ոգեշնչել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ ապրել լիարժեք, անկախ եւ ստեղծարար կյանքով։ Viva ընկերության երկարամյա աջակցության շնորհիվ մենք հասել ենք զգալի ստեղծագործական աճի, հաղթել հեղինակավոր մրցույթներում եւ շարունակաբար ամրապնդում ենք ներառականության գաղափարը թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։ Այսօրվա ֆլեշմոբը եւս մեկ քայլ է այդ ճանապարհին։ Եթե ունես կամք եւ հավատում ես ուժերիդ, ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել», - ասել է «Ունիսոն» ՀԿ-ի եւ «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը:

«Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոսը» մեծ ճանաչում ունի երկրում: Երեք տասնամյակի ընթացքում «Փարոսը» կամերային երաժշտությունը լավագույն կերպով է ներկայացրել Հայաստանի եւ արտերկրի (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Վատիկան, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան) մեծ բեմերում՝ դրսեւորելով բարձր պրոֆեսիանոլիզմ եւ խնդիրները երաժշտությամբ հաղթահարելու կամքի ուժ: