Հուլիսի 1-ին Viva-ն նշել է հիմնադրման 20-րդ տարին: 

Տոնական մթնոլորտում անդրադարձ է կատարվել անցած երկու տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագայի հավակնոտ ծրագրերը: 

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչներ, ընկերության աշխատակիցներ եւ գործընկերներ:

Viva-ի բաժնետեր Կոնստանտին Սոկոլովը ներկայացրել է ընկերության վերափոխումը՝ բջջային կապի առաջատարից մինչեւ տեխնոլոգիական եւ թվային առաջատար՝ սրընթաց զարգացող համաշխարհային հեռահաղորդակցային շուկայի պայմաններում։ Սոկոլովը ներկայացրել է զարգացման հիմնական ուղղություններն ու բիզնես տեսլականը։

«Այսօր Viva-ն նշում է իր 20-ամյակը՝ առաջին զանգին հաջորդող երկու տասնամյակ անց. զանգ, որը կատարվել է այն պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%: Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2,3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ն օգտագործում է բջջային ինտերնետ: Viva-ն դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը»,- նշել է Սոկոլովը:

Նա ընդգծել է՝ Viva-ն ոչ միայն զարգացնում է տեխնոլոգիական ենթակառուցվածքները, այլեւ ակտիվորեն ներդրումներ է կատարում սոցիալական նախաձեռնություններում՝ ամրապնդելով Հայաստանի մրցակցային առավելություններն ու զարգացնելով հասարակության տարբեր ոլորտները:

«Հաջորդ երեք տարվա ընթացքում 5G ցանցի եւ ամպային ենթակառուցվածքների զարգացման համար Viva-ն նախատեսում է ներդնել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար: Մեր առաքելությունը մնում է անփոփոխ՝ ստեղծել առաջընթաց եւ նոր հնարավորություններ Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար», - ասել է Սոկոլովը։

«Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում 2005թ. հուլիսի 1-ը հեղափոխական տարեթիվ է: Այդ օրը նշանավորվեց ոչ միայն Հայաստան նոր տեխնոլոգիաների եւ նորարարությունների մուտքով, այլեւ ամենակարեւորը՝ կոտրվեց այն կարծրատիպը, թե իբր բջջային կապը միայն ընտրյալների համար է: Viva-ն ապացուցեց, որ բջջային կապը կարող է լինել ավելի մատչելի, ավելի որակյալ, ավելի հասանելի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Viva-ի թիմին, որ այս ամենը կարողացավ իրականություն դարձնել: Վերլուծելով այս տարիների ընթացքում Viva-ի անցած ուղին՝ կարող եմ վստահաբար ասել, որ Viva-ն ապագայում եւս ապավինելու է նոր տեխնոլոգիական լուծումների, նորարարությունների՝ էլ ավելի որակյալ դարձնելով իր ծառայությունները բաժանորդների համար եւ այդպիսով հզորացնելով հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտը», - ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանն անդրադարձել է ժամանակակից հասարակության կյանքում հեռահաղորդակցության ռազմավարական նշանակությանը: 

«Viva-ն հասկանում է հեռահաղորդակցության կարեւորությունը թե՛ որպես տեխնոլոգիա, թե՛ որպես անվտանգության եւ հարմարավետության հիմք: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, իսկ մեր մրցակիցներին՝ արժանապատիվ մրցակցության համար։ Այս տարի ընկերությունում մեկնարկում է աննախադեպ ներդրումային ծրագիր՝ ուղղված ընկերության հետագա դիվերսիֆիկացմանը՝ ներառյալ ֆիքսված եւ բջջային կապի թվային կոնվերգենտային լուծումների զարգացումը։ Մեր նպատակն է ապահովել Viva-ի տրամադրած բոլոր ծառայությունների բարձր որակը, մատչելիությունն ու մարդակենտրոնությունը։ Մենք պատասխանատվություն ունենք երկրի թվային ապագայի համար եւ վստահորեն շարժվում ենք առաջ»,- նշել է Տիգրան Գասպարյանը։

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրել է կառավարման ճկուն համակարգերի դերը կայուն առաջընթացի հարցում: Գլխավոր տնօրենը նաեւ կարեւորել է այն, որ տարիների ընթացքում Viva-ի կայուն զարգացումն աճի հնարավորություններ է ստեղծել հասարակական ու մասնավոր ոլորտի շատ կազմակերպությունների համար:

«Viva-ն կորպորատիվ կառավարման եւ բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է: Յուրաքանչյուր հաջողության ետեւում կանգնած են մարդիկ՝ Viva ընտանիքի հին ու նոր անդամներ՝ նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար։ Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց՝ շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, եւ այդ գործընթացում Viva-ն մեծ դեր ունի: Նորարարությունների կիրառումը տեխնոլոգիաների կամ լուծումների տեսքով մշտապես եղել է Viva-ի գործունեության անբաժանելի մասը»,- նշել է Արմեն Ավետիսյանը:

Viva-ն էական ներդրում ունի Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ձեւավորման գործում: Ընկերությունը ներդրել է արտադրողականության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, սոցիալական ներդրումների եւ բիզնես բարեվարքության նոր մշակույթ՝ օրինակ ծառայելով բազում կազմակերպությունների համար:

Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ոլորտը կարգավորող պետական գերատեսչություններին ու մարմիններին՝ առողջ մրցակցային միջավայրի ապահովման եւ կառուցողական համագործակցության համար.

«Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ 20 տարվա այս ուղին մեզ հետ անցնելու եւ մեզ վստահելու համար։ Շնորհակալ ենք մեր աշխատակիցներին՝ իրենց անսահման նվիրվածության, գիտելիքը ծառայեցնելու եւ մեր առաքելությանը հավատարմության համար»:

Միջոցառման ընթացքում մեծարվել եւ պարգեւատրվել են նաեւ այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի՝ զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ Եզրափակիչ խոսքում Ավետիսյանը վերահաստատել է Viva-ի առաքելությունը՝ շարունակելու առաջնորդել նորարարությամբ, ներդրումներ կատարել մարդկային կապիտալում եւ նպաստել ավելի մրցունակ Հայաստանի կառուցմանը։

Տոնական օրն ավարտվել է հայտնի հայ արտիստների մասնակցությամբ մեծ համերգով։ Երեկոյի գլխավոր հյուրն էր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը։