Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ (Sofia Tech Park), որտեղ հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչեւի հետ:

Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում էին երկու երկրների միջեւ տեխնոլոգիական, ներդրումային եւ գիտահետազոտական (R&D) համագործակցության խորացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտում:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումներն ու խոշոր նախագծերը՝ միջազգային աքսելերատորից մինչեւ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ (AIVI)։ Կողմերն անդրադարձել են նաեւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցությանը։

Հանդիպմանը կողմերը շեշտել են, որ առկա է զգալի ներուժ՝ առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու, փորձի փոխանակում իրականացնելու եւ համատեղ նորարարական ծրագրեր զարգացնելու ուղղությամբ։

Այնուհետեւ փոխվարչապետ Դոնչեւի հետ միասին Մխիթար Հայրապետյանը եւ ՀՀ պատվիրակության ներկայացուցիչները շրջայց են կատարել Սոֆիայի տեխնոլոգիական պարկում (Sofia Tech Park), որտեղ այցելել են գերհամակարգչի կենտրոն, որը տարածաշրջանում ամենահզորներից մեկն է եւ ծառայում է արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, կլիմայական մոդելավորման եւ ռազմավարական արտադրական ոլորտներում նորարարական լուծումների մշակմանը։

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է սուպերհամակարգչի տեխնիկական հնարավորություններին, տվյալների մշակման ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ քննարկել է ապագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես AI եւ մեծ տվյալների (Big Data) համատեղ նախագծերում։

Այցի շրջանակում ներկայացվել են նաեւ սուպերհամակարգչի կենտրոնի զարգացման առաջիկա պլանները, այդ թվում՝ AI մոդելների արագացում, բարձր կատարողականության սերվերների ներդրում եւ միջազգային հետազոտական թիմերի ներգրավման նախաձեռնություններ։