17:58 | 30.07.25 | Հոդվածներ | exclusive 338

LLM Ամառային Դպրոցը ձեւավորում է AI կրթության ապագան Հայաստանում

Հուլիսի 24-30-ը Երեւանը դարձյալ հյուրընկալել է Մեծ լեզվական մոդելների (LLM) ամառային դպրոցը՝ տարածաշրջանում եզակի եւ արագ զարգացող ծրագրերից մեկը, որն իր շուրջն է համախմբում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ուսանողների, հետազոտողների եւ ոլորտի առաջատար մասնագետների։ Այս տարվա դպրոցը աչքի է ընկնում ոչ միայն մասնակիցների քանակով, այլեւ՝ դասախոսական կազմի բացառիկությամբ։

Արմեն Աղաջանյանը Հայաստան է ժամանել LLM ամառային դպրոցում դասախոսելու նպատակով։ Նա Meta AI-ի նախկին գիտաշխատող է, համագործակցում է YerevanNN թիմի հետ, ղեկավարում ուսանողների հետազոտական խմբեր եւ աշխատում Հայաստանում մեքենայական ուսուցման ոլորտը զարգացնող նախագծերի վրա։ Itel.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչով է LLM ամառային դպրոցի ծրագիրը տարբերվում այլ նախաձեռնություններից.

photo © LLM Summer School


«Հայաստանում արդեն իսկ կա մեծ ներուժ։ Մեր նպատակն է օգնել նոր սերնդին տալ մեկնարկային կետ, հարթակ, որպեսզի 1-2 տարվա ընթացքում դառնան այնպիսի մասնագետներ, որ աշխարհում ցանկացած կազմակերպություն ցանկանա վարձել։ Սա շատ կարեւոր է, հատկապես, որ այստեղ կլինի նաեւ հզոր հաշվողական ռեսուրս՝ Firebird-ի ներդրումների շնորհիվ։ Այս դպրոցի հիմնական նպատակն է տալ այնպիսի խտացված, խորը տեղեկատվություն, որը կբորբոքի հետաքրքրություն եւ կտա ամուր հիմք մասնակցին հետագայում ինքնուրույն աճելու համար»։

 
Արմեն Աղաջանյանը հատկապես առանձնացնում է լսարանի բազմազանությունը, որն «այնքան էլ հաճախ հանդիպող երեւույթ չէ».

«Այստեղ ունենք հավասար՝ կանանց եւ տղամարդկանց 50% մասնակցություն։ ԱՄՆ-ում նման բալանս չես տեսնի ոչ մի նման միջոցառման ժամանակ։ Տարիքային առումով էլ ունենք թե՛ երիտասարդներ, թե՛ փորձառու ծրագրավորողներ։ Մասնակիցները պետք է ունենան ինտուիցիա, թե ինչու են ընտրում այս կամ այն AI մոդելը։ Նրանց հետ աշխատում ենք մուլտիմոդալ AI մոդելների հետ, ուսանողները գործնականում կփորձեն ու կմարզեն նոր մոդել, որը պատկերից կարդում է տեքստ։ Սա նույնպես տպավորիչ է»։

photo © LLM Summer School


Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է աստիճանաբար դուրս գա միայն ծառայություններ տրամադրող տեխնոլոգիական մոդելից.

«AI-ն ի վիճակի է փոխարինել այդ ծառայությունների զգալի մասին։ Ուստի անհրաժեշտ է զարգացնել այնպիսի ուղղություններ, որոնք առավել կայուն են եւ արժեք են ստեղծում։ LLM Summer School-ը այդ ճանապարհի մի մասն է»։

LLM Ամառային դպրոցի համահիմնադիր Էրիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշել է՝ դպրոցը զգալիորեն զարգացել է կազմակերպչական առումով, սակայն հիմնական ոգին նույնն է մնացել։

«Զարգացումները շատ արագ տեմպով են, ու նոր շունչ էր պետք տալ թե՛ թեմաներին, թե՛ դասախոսներին։ Մենք նույնիսկ ստիպված եղանք այս տարի բացել օնլայն ձեւաչափ, որովհետեւ ֆիզիկապես տեղ չունեինք բոլորին տեղավորելու։ Հաճելի էր տեսնել, որ լսարանը երիտասարդացել է», - նշել է նա։

photo © LLM Summer School


Այս տարի դիմորդների թիվը զգալի աճ է գրանցել՝ մոտ 200-300 դիմորդ. միջազգային ընդգրկում կա՝ Իրան, Հնդկաստան, Իռլանդիա, Չինաստան եւ այլ երկրներ։ Դասախոսական կազմում են ոլորտի համաշխարհային առաջատարներից մի քանիսը։

«Ունենք փորձագետներ Կանադայից՝ ServiceNow-ից, տարբեր գիտական խմբերից, որոնք ստեղծել են այն մոդելները, որոնք այսօր արդեն reasoning ռեժիմներով են աշխատում, ինչպես՝ ChatGPT-ում։ Նրանց թվում են Մայքլ Նուխովիչը, Գոթիե Ժիդելը, Ալեքս Դրուենը՝ յուրաքանչյուրը ներկայացնելով տարբեր, բայց խորապես կապակցված թեմաներ։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր ոչ միայն ստեղծել են այս մոդելները, այլեւ շարունակում են զարգացնել ոլորտը», - նշել է Էրիկը։

photo © LLM Summer School


Դարիա Գիտմանը աշխատում է NVIDIA-ի հայաստանյան գրասենյակում եւ միացել է դպրոցին որպես ուսանող։

«Սկզբում մի փոքր հեշտ էր, քանի որ սկսեցինք բազային ներածությամբ, ինչը ճիշտ մոտեցում է։ Լավ է, որ ծրագրում կա թե՛ տեսական, թե՛ գործնական մաս։ Այստեղ շատ հետաքրքիր մարդիկ կան տարբեր վայրերից, բոլորն էլ խորապես հետաքրքրված են LLM-ներով։ Հիանալի հնարավորություն է՝ շփվելու, գաղափարներ փոխանակելու, ընկերներ ձեռք բերելու»,- ասել է Դարիան։ 

Ամառային դպրոցի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է YerevaNN հիմնադրամը։ Եվրոպական Nebius AI ընկերությունն այս տարի նույնպես գործնական դասընթացների անցկացման համար տրամադրել է անհրաժեշտ հաշվողական ենթակառուցվածքը:

Նունե Գրիգորյան