Google-ը ծաղրել է Apple-ին չկատարած խոստման համար՝ առաջարկելով iPhone-ի օգտատերերին պարզապես փոխել սմարթֆոնը:
Google-ը նախքան պաշտոնական շնորհանդեսը հրապարակել է իր նոր Pixel 10 սմարթֆոնի պրոմո-հոլովակը՝ հեգնանքով անդրադառնալով Apple-ին։
Հոլովակում առաջարկվում է iPhone-ի օգտատերերին «պարզապես փոխել սմարթֆոնը», եթե նրանք սպասում են Siri-ի այն նոր ֆունկցիաներին, որոնք դեռ չկան։ Pixel-ի նոր սերնդի շնորհանդեսը նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 20-ին։
Apple-ը խոստացել էր անհատականացված Siri դեռ 2024-ի հունիսին, այնուհետեւ կրկին ներկայացրել էր այդ գաղափարը սեպտեմբերին՝ iPhone 16-ի շնորհանդեսի ժամանակ։ Սակայն մինչ օրս այդ «խելացի» ֆունկցիաները չեն հանրայնացվել, թեեւ դրանք ներկայացվում էին որպես Apple Intelligence համակարգի առաջատար հնարավորություններ։
Google-ի գովազդում հնչում է հայտնի ռեփ-կոմպոզիցիան՝ The Next Episode (Dr. Dre, Snoop Dogg, Kurupt եւ Nate Dogg), իսկ հոլովակի տեքստում կարդում ենք.
«Պահանջկոտ եղեք սմարթֆոնների հանդեպ»։
Այնուհետեւ հեգնանքով նշվում է.
«Եթե գնում եք սմարթֆոն մի ֆունկցիայի համար, որը խոստացվում է որպես շուտով հասանելի, բայց այդ շուտովը ձգվում է մեկ տարի գուցե վերաիմաստավորեք շուտով բառը… կամ ուղղակի... փոխեք սմարթֆոնը»։
Apple-ն իր Apple Intelligence համակարգը ներկայացրել էր 2024-ի հունիսին։ Շատ վերլուծաբաններ նշում էին, որ AI ֆունկցիաների հասանելիությունը միայն նոր սարքերում խթանելու է վաճառքները։
Գործառույթների թողարկումը, սակայն, բազմիցս հետաձգվել է՝ երբեմն կարգավորիչների պահանջների, երբեմն սխալների պատճառով։ Առաջին ֆունկցիաները թողարկվել են միայն 2024-ի հոկտեմբերին: Իսկ 2025-ի մարտին Bloomberg-ը հայտնել էր, որ Siri-ի «իրականում արդիականացված» տարբերակը սպասվում է միայն 2027-ին։
2025-ի մարտին Apple-ը բախվել է դատական հայցի՝ ֆունկցիաների կեղծ գովազդի համար։ Ընկերությունն էլ որոշել է այլեւս չհայտարարել նոր ֆունկցիաների մասին մինչեւ դրանց թողարկումը։
Իսկ արդեն հունիսին մի խումբ բաժնետերեր նույնպես հայց են ներկայացրել՝ կապված Siri-ի հնարավորությունների գործարկման ժամկետների վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների հետ։
Օգոստոսին Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, հղում անելով ծրագրային ապահովման գծով ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգիին, հայտնել է, որ Siri-ի նոր տարբերակի թողարկումը հետաձգվել է՝ հիբրիդային համակարգի ներդրման բարդությունների պատճառով։ Այս համակարգը պետք է կարողանա հասկանալ թե՛ հին, թե՛ նոր տիպի հրամաններ։