Nvidia-ն եւ AMD-ն կպարտավորվեն ԱՄՆ բյուջե վճարել Չինաստանում AI չիպերի վաճառքից ստացված եկամտի 15%-ը: 

Այս մասին հայտնում են Financial Times-ը եւ The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ համաձայնագիրը եղել է Չինաստան AI պրոցեսորների արտահանման արտոնագրեր ստանալու պայման։ 

Գործարքը կնքվել է մեկ ամիս անց, երբ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ թույլատրում են Nvidia-ին վերսկսել H20 պրոցեսորի վաճառքը Չինաստանում`ստեղծված հատուկ այդ շուկայի համար։

Nvidia-ն կփոխանցի H20 չիպերի վաճառքից ստացված եկամուտի 15%-ը, իսկ AMD-ն՝ MI308-ի վաճառքից ստացված նույն բաժինը։ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ չի որոշել, թե ինչպես օգտագործել այդ գումարը։

Ըստ NYT-ի, գործարքը կարող է ԱՄՆ կառավարությանը բերել ավելի քան 2 միլիարդ դոլար։ Bernstein Research-ի վերլուծաբանները կանխատեսել էին, որ Nvidia-ն մինչեւ 2025 թվականի ավարտը Չինաստանին կվաճառի ավելի քան 15 միլիարդ դոլարի չիպ, իսկ AMD-ն՝ մոտ 800 միլիոն դոլարի։