Հանքավանում մեկնարկել է AI եւ տեխնոլոգիական մասնագիտությունների շուրջ առաջին դպրոցական ճամբարը Հայաստանում։ 

Ճամբարը մաս է կազմում FAST-ի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի եւ մինչեւ օգոստոսի 31-ն իր շուրջ է միավորելու շուրջ 300 ավագ դպրոցականի՝ ոչ միայն «ԱԲ սերունդ» ծրագրի, այլեւ հայաստանյան այլ դպրոցներից։ 

Դառնալով մասնագիտական կողմնորոշման հարթակ՝ ճամբարը հնարավորություն է տալու պատանիներին բացահայտել AI-ի ու հարակից ոլորտների մասնագիտությունները, առողջապահության, իրավաբանության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում դրա կիրառությունները, ճանաչել սեփական ուժեղ կողմերը, զարգացնել արդի ու մրցունակ հմտություններ եւ ըստ անհատական հետաքրքրությունների կազմել իրենց կարիերային ու անձնական աճի ուղին։ 

FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանն անդրադարձել է արհեստական բանականության դարաշրջանում մարդկային ներուժի եւ հարաբերությունների կարեւորությանը։

«Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի տարբեր մարզերից նույն հետաքրքրությունները կիսող պատանիները կարողանան ծանոթանալ ու սովորել թե՛ ԱԲ ոլորտի փորձառու մասնագետների, թե՛ միմյանց հետ՝ օգտագործելով համատեղ անցկացված ժամանակը նոր մասնագիտական հեռանկարներ, գաղափարակիցներ, կապեր ու համայնք ստեղծելու համար։ Մենք ուզում ենք տալ երեխաներին մեծ երազելու, կարծրատիպեր կոտրելու եւ ապագան երեւակայելու ու ստեղծելու համարձակությունը»,- նշել է Սյուզաննա Շամախյանը։ 

AI ճամբարը լինելու է շարունակական՝ ամեն տարի բացելով իր դռները պատանիների համար եւ տարածելով ապագայի տեխնոլոգիական մասնագիտությունների աշխարհն առավել մեծ թվով սովորողների շրջանում։ Այս նախաձեռնությամբ են իրենց նոր կրթական համագործակցությունն ազդարարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)։