13:00 | 08.09.25 | Նորություններ | 738
Մեկնարկել է Yandex Armenia-ի Ծրագրավորման դպրոցի նոր ուսումնական տարվա ընդունելությունը:
Ծրագրի շրջանակում ուսուցանվելու են ծրագրավորման հիմունքները Python լեզվով՝ ներառյալ հիմնական հասկացությունները, կառուցվածքներն ու գրադարանները։ Դպրոց կարող են ընդունվել 14-17 տարեկան աշակերտներ։ Ընդունելությունը իրականացվում է թեստավորման արդյունքներով։
Այս տարի դասերը կանցկացվեն Վանաձորում եւ Գյումրիում՝ առկա ձեւաչափով, շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր դասը՝ մեկուկես ժամ տեւողությամբ։
Դպրոց ընդունվածների համար ուսուցումն ամբողջությամբ անվճար է։
Ընդունելությունը բաղկացած է երկու փուլից՝ թեստավորում եւ հարցազրույց։
Առաջին հերթին հարկավոր է լրացնել մասնակցության հայտը https://codingschool.yandex.com.am կայքում։ Դրանից հետո դիմորդը նամակ կստանա՝ թեստավորման հղումով։ Եթե դիմորդը մինչեւ սեպտեմբերի 18-ը ներառյալ հաջողությամբ անցնի թեստը, նրան հարցազրույցի կհրավիրեն։
Yandex Ծրագրավորման դպրոցը միջազգային նախագիծ է, որն ուղղված է 14-17 տարեկան դպրոցականներին Python լեզվով ծրագրավորման հիմունքների ուսուցմանը, Հայաստանում ծրագիրն իրականացվում է 2017 թվականից ։
8 տարվա ընթացքում ծրագրի շրջանավարտ է դարձել ավելի քան 450 աշակերտ, որոնցից շատերը կապել են իրենց կյանքը տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։