Վարդենիս քաղաքում կտեղադրվի Թումո տուփ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հետ համագործակցությամբ։

Օրերս Թումոն եւ AMAA-ը ստորագրել են հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է տեղադրել եւ շահագործել Թումո տուփ AMAA-ի կողմից կառուցվող կրթահամալիրի տարածքում։ Ամեն շաբաթ Վարդենիսից եւ մերձակա բնակավայրերից 12-18 տարեկան շուրջ 320 պատանի հնարավորություն կունենա իր համայնքում ուսումնասիրելու տեխնոլոգիաների եւ դիզայնի նորարարական ոլորտներ։

Վարդենիսի Թումո տուփում ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացների եւ աշխատարանների համար Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով կմեկնեն Թումո Դիլիջան, որին արդեն կցված են Սեւանում, Գավառում, Ճամբարակում, Իջեւանում, Ազատամուտում, Բերդում, Արծվաբերդում եւ Ստեփանավանում գործող Թումո տուփերը։ 

Վարդենիսի Թումո տուփում ուսանողների գրանցումը հասանելի կդառնա շուտով, ինչի մասին ծանուցումը կտեղադրվի Թումոյի սոցիալական էջերում:
Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է Հայաստանի ամենատարբեր անկյուններում: Առաջին Թումո կենտրոնն իր դռները բացել է 2011 թվականին Երեւանում։ Այսօր արդեն գործում է 6 կենտրոն կից տուփերով, որտեղ շաբաթական հաճախում է ավելի քան 21 000 պատանի, ինչպես նաեւ 1000 շրջանավարտ։ Երեւանից բացի՝ Թումո կենտրոններ կան Դիլիջանում, Գյումրիում, Կողբում, Եղեգնաձորում եւ Կապանում:

Թումոն Հայաստանում հասել է այնպիսի հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրեր, ինչպիսիք են՝ Աշոցք, Ախուրյան, Ազատամուտ, Բերդ, Ճամբարակ, Մեղրի, Քաջարան, Շնող, Օձուն, Ալավերդի, Դսեղ, Վայք, Աղավնաձոր, Արթիկ, Մարալիկ, իսկ շուտով արդեն Վարդենիս։