Meta-ն իր Connect 2025 համաժողովում ներկայացրել է միանգամից երեք նոր խելացի ակնոց։ Դրանց թվում են Meta Ray-Ban Gen 2՝ երկարացված աշխատանքային ժամանակով, Meta Ray-Ban Display՝ ներկառուցված էկրանով եւ Oakley Meta Vanguard մոդելը, որը նախատեսված է մարզիկների համար։

Meta Ray-Ban Gen 2
Ակնոցի երկրորդ սերնդի աշխատանքային ժամանակը կրկնապատկվել է՝ հասնելով 8 ժամի (նախորդ տարբերակի 4-ի փոխարեն)։ Արագ լիցքավորումը մինչեւ 50% տեւում է ընդամենը 20 րոպե, իսկ պատյանը ապահովում է մինչեւ 48 ժամ հավելյալ աշխատանք։


Կցված տեսախցիկը նկարահանում է 3K վիդեո 30fps հաճախականությամբ եւ աջակցում է արագացված ու դանդաղեցված նկարահանման ռեժիմներին։ Ավելի ուշ հասանելի կլինի նաեւ Conversation Focus գործառույթը, որը ուժեղացնում է զրուցակցի ձայնը։ Թարգմանիչը համալրվել է գերմաներեն եւ պորտուգալերեն լեզուներով։ Ակնոցը հասանելի կլինի Wayfarer, Skyler եւ Headliner ոճերում։ Սկզբնական գինը՝ 379 դոլար։

Meta Ray-Ban Display

Այս մոդելն աջ ոսպնյակի մեջ ստացել է էկրան, որտեղ կարելի է տեսնել հավելվածներ, ծանուցումներ եւ նավիգացիա։ Կառավարումը կատարվում է Neural Band թեւնոցի միջոցով, որը կարդում է ձեռքի մկանների ազդանշանները։ Էկրանը կարող է նաեւ ցույց տալ խոսքի համաժամանակյա թարգմանություն։


Neural Band-ն առանց լիցքավորման աշխատում է մինչեւ 18 ժամ եւ պաշտպանված է խոնավությունից։ Meta-ն այս տարբերակը ներկայացնում է որպես զանգվածային արտադրության AR ակնոցի ճանապարհի առաջին քայլ։ Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, գինը՝ 799 դոլար։

Oakley Meta Vanguard

Այս տարբերակը նախատեսված է վազորդների եւ հեծանվորդների համար։ Այն ունի 12 ՄՊ տեսախցիկ, նկարահանում է 3K վիդեո, ինտեգրվում է Garmin եւ Strava հավելվածների հետ։ Ակնոցների աշխատանքային ժամանակը մինչեւ 9 ժամ է, ունի արագ լիցքավորման հնարավորություն եւ IP67 պաշտպանություն։


Առկա է չորս տարբեր ոճային կոմբինացիա, ներառյալ Oakley PRIZM տեխնոլոգիայով, որը պաշտպանում է արեւից, քամուց եւ փոշուց։ Ակնոցը համալրված է Meta-ի ամենահզոր դինամիկներով, իսկ հինգ բարձրախոսից կազմված համակարգը նվազեցնում է քամու ձայնը։ Վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին, գինը՝ 499 դոլար։