Հայաստանում երկրորդ անգամ կկազմակերպվի միջազգային ներդրողների մասշտաբային տուր։ 

Այս տարի BANA Angels-ի նախաձեռնությամբ Հայաստան կժամանի 60-ից ավելի ներդրող աշխարհի 12 երկրից՝ բացահայտելու հայկական ստարտափների եւ տեխնոլոգիական ընկերությունների ներուժը։

Նախորդ տարվա 35 ներդրողի համեմատ, այս տարի մասնակիցների թիվն էականորեն աճել է՝ վկայելով Հայաստանի նկատմամբ միջազգային ներդրումային հետաքրքրության զգալի բարձրացման մասին։ 

Investor Tour 2025-ի շրջանակում օտարերկրյա ներդրողները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալ Հայաստանի ստարտափների էկոհամակարգին, այցելել երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակներ, հանդիպել նորարարական լուծումներ մշակող ձեռներեցների հետ եւ մասնակցել հատուկ pitching սեսիայի։

«Անցյալ տարվա հաջողությունը ցույց տվեց, որ միջազգային ներդրողները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ։ Այս տարի 60-ից ավելի ներդրողների մասնակցությունը ապացուցում է, որ հայկական ստարտափ էկոհամակարգը ճանաչում է ստանում համաշխարհային մակարդակում։ Մեր նպատակն է ոչ միայն ցուցադրել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, այլեւ ստեղծել կայուն եւ հիմնարար համագործակցությունների հիմք», – նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Տուրի ծրագիրը ներառում է DigiTec-ի կոնֆերանսի եւ էքսպոյի այցելություն, հանդիպումներ հայկական միաեղջյուր (unicorn) ընկերությունների գրասենյակներում, ինչպես նաեւ մշակութային ծրագիր՝ ներառյալ պատմական տեսարժան վայրերի այցելություն եւ հայկական խոհանոցի ճաշակում։

Investor Tour 2025-ը կազմակերպվում է BANA Angels-ի կողմից՝ Formula VC վենչուրային ֆոնդի, uGlobally, RECONOMY եւ Helvetas միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) աջակցությամբ: