Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում եւ Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում կընթանա «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» համապետական միջոցառումը, որն այս տարի անցկացվում է «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով։

Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որը վեց օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի եւ արվեստի փոխկապակցված աշխարհը։ Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական եւ ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։

Գործելու են հետեւյալ թեմատիկ բաժինները՝

•    Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1)․ Գիտության եւ ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից։
•    Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3)․Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական եւ ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների եւ նորարարների մասնակցությամբ։
•    Ընդլայնելով երեւակայությունը (հոկտ. 4–5)․ Գիտական ֆանտաստիկայի եւ արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։

Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում եւ մանկապարտեզներում, որոնք կգրանցվեն եւ կմիանան «Գիտության շաբաթ․Հայաստան»-ին, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր եւ ցուցադրություններ։ 

Դպրոցների եւ մանկապարտեզների համար նախատեսված միջոցառումների փաթեթը հատուկ մշակել է «Գիտության շաբաթ․ Հայաստան» թիմը։ Այս նախաձեռնության նպատակն է գիտության, տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն եւ սեր սերմանել դեռ վաղ տարիքից։

Գիտության շաբաթ․Հայաստան»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը։