ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ օրենքների նախագծերի այս փաթեթը գալիս է հիմնարար լուծումներ առաջարկելու կիբեռպաշտպանության ուղղությամբ կարողությունների բարձրացմանը եւ քաղաքացիներին որակյալ թվային հանրային ծառայությունների մատուցմանը։ 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա զգալի ներդրումներ է ենթադրում նաեւ մասնավոր հատվածի համար, առաջին փուլով առաջարկում ենք դիտարկել միայն կենսական նշանակության ոլորտների կրիտիկակական տեղեկատվական ենթակառուցվածքներում եւ տեղեկատվական համակարգերում բավարար կիբեռանվտանգության մակարդակի ապահովում»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ նոր ձեւավորվող կառույցը կատարելու է կիբեռանվտանգության գործառնությունների կենտրոնի գործառույթներ (SOC)․ 24/7 ռեժիմով մշտադիտարկելու եւ հսկելու է տեղեկատվական համակարգերը, հայտնաբերելու է սպառնալիքները եւ իրականացնելու է անվտանգության միջոցառումներ՝ պաշտպանելով ամբողջ պետական ապարատի կիբեռանվտանգությունը։

Անդրադառնալով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքին՝ նախարարը նշել է, որ դրանով ուրվագծվում է պետական թվային ճարտարապետությունը եւ ներդրվում է տվյալների կառավարման նոր քաղաքականություն:

«Ներկայում տվյալների հետ մեր վարվեցողությունը՝ տվյալների պահուստավորումը, դրանց մշակումը, հասանելիությունը եւ ճշգրիտ օգտագործումը որակապես չի բավարարում մեզ եւ համարում ենք, որ այստեղ պետք է լինեն հստակ ստանդարտներ։ Այս օրենսդրությամբ գալիս ենք առաջարկելու տվյալների հավաքագրման «մեկանգամյա» սկզբունքը։ Սա նշանակում է, որ օրենքը կիրառելու արդյունքում այլեւս մեր քաղաքացիներից ամբողջ կյանքի ընթացքում միայն մեկ անգամ ենք պահանջելու կոնկրետ տվյալ»,- նշել է նախարարը։

Ներկայացնելով «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» նախագիծը՝ Մխիթար հայրապետյանը նշել է, որ ՀՀ ազգային ժողովին առաջարկվում է ստեղծել նոր մարմին՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որը գործելու է ինքնավար մարմնի կարգավիճակով, ունենալու է 5 անդամ, ովքեր ընտրվելու են խորհրդարանի կողմից։