11:40 | 07.10.25 | Նորություններ | 240
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խումբն օրերս հյուրընկալել է 7-րդ DisruptHR միջոցառումը «Tech Edition» խորագրով՝ հանդես գալով որպես հանդիպման գլխավոր գործընկեր։ Միջոցառումն իրականացրել է Cascade People & Business ընկերությունը։
Միջոցառման ընթացքում մարդկային ռեսուրսների կառավարման 12 խոսնակ ներկայացրել է արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու նորարարական լուծումները կազմակերպությունների արդյունավետության բարձրացման գործում։ Քննարկվել են նաեւ ԱԲ-ի ռիսկերն ու մարտահրավերները․ կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունն ամբողջությամբ փոխարինել մարդուն։
Cascade People & Business ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը նշել է, որ թեեւ թեման հաճախ է քննարկվում, բայց մնում է արդիական․ «Մենք անցյալ տարի իրականացրել ենք միջազգային կոնֆերանսներ, որոնք նույնպես AI-ին էին նվիրված, կոչվում էր The Science of Leadership։ Ծեծված թեմա է, այնուամենայնիվ, մենք պետք է հավաստենք, որ ամենաարդիականն է, որովհետեւ մենք բոլորս դրա մեջ ենք եւ չգիտենք՝ ուր ենք գնում»։
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Լեոնիդ Կարապետյանն էլ հանդիպմանն անդրադարձել է գլոբալ ու տեղական հարթակների համադրման կարեւորությանը․ «Խոսել եմ այն մասին, թե ինչպես կարելի է համախմբել խոշոր գլոբալ ընկերությունը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կապերը։ Յուրաքանչյուր կազմակերպության համար կարեւոր մարտահրավերներից է համադրել գլոբալն ու տեղականը։ ՍոֆթԿոնստրակտը գրասենյակներ ունի Սան Պաուլոյից մինչեւ Բուխարեստ, եւ մեզ համար առանցքային է, որ բոլոր աշխատակիցները գործեն որպես միասնական թիմ։ Մենք սրան նայում ենք որպես համակարգչային-օպերացիոն համակարգի, որն ունի միասնական Source Code (ելակետային կոդ) եւ API կամ տեղային ինտերֆեյսեր․ այս մոտեցմամբ ընկերության տարբեր հատվածներ միացնում ենք իրար»:
Նա նաեւ ընդգծել է, որ արհեստական բանականության գործիքակազմը կարող է կարեւոր դեր ունենալ Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող երկրի համար. «Մենք պետք է ձգտենք լինել առաջատար այս ոլորտում, այլ ոչ թե պարզապես հետեւող»։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը խոսել է ԱԲ-ի գործոնի մասին աշխատանքի ապագայի շրջանակում․ «Այսօրվա տեխնոլոգիական զարգացումների եւ AI-ի հետ հանդերձ մենք հաճախ մոռանում ենք մարդկային գործոնների եւ դրանց կարեւորելու, առաջ տանելու, մարդկային շփումն ավելի բարձր դասելու մասին»:
Մարիա Կարապետյանի խոսքով՝ ԱԲ-ն կարող է ամեն ինչ անել, բայց «կա մի հստակ գործոն՝ մարդկայինը, որը փոխարինել հնարավոր չէ»:
DisruptHR-ը ներկա եւ ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված շարժում է, որը միջազգային հարթակ է դուրս եկել՝ ընդգրկելով շուրջ 30 երկիր եւ 150-ից ավելի քաղաք: