12:09 | 23.10.25 | Նորություններ | 1621
Հոկտեմբերի 9-ից 11-ը BANA Angels-ի նախաձեռնությամբ անցկացվել է Investor Tour 2025-ը։
Այս տարի ծրագրին մասնակցել է 60-ից ավելի ներդրող 12 երկրից, ինչը վկայում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի նկատմամբ միջազգային ներդրումային հետաքրքրության զգալի աճի մասին։
Ներդրողները հանդիպումներ են ունեցել հայկական ստարտափների, վենչուրային ֆոնդերի եւ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ, մասնակցել pitching սեսիայի եւ ոլորտային քննարկումների։ Հատուկ ծրագրի շրջանակում նրանք այցելել են մի շարք առաջատար ընկերությունների գրասենյակներ՝ PicsArt, ServiceTitan, Adobe Armenia, NVIDIA Armenia եւ ԹՈՒՄՈ կենտրոն, ծանոթացել Հայաստանում ձեւավորվող նորարարական լուծումներին ու տեխնոլոգիական հնարավորություններին։
«Investor Tour 2025-ը գերազանցեց սպասելիքները։ Ծրագրի մասնակիցների թվի կրկնապատկումը հստակ ազդանշան է, որ Հայաստանը դառնում է ճանաչված եւ գրավիչ ուղղություն միջազգային ներդրողների համար։ Այս տուրը ոչ միայն ցույց տվեց մեր էկոհամակարգի ներուժը, այլեւ հիմք դրեց կոնկրետ համագործակցությունների համար։ Արդեն ունենք հետաքրքրություն խորացնելու գործընկերությունը, եւ ակտիվ բանակցություններն այդ ուղղությամբ շարունակվում են», - նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։
Տուրի շրջանակում ներդրողները մասնակցել են նաեւ DigiTec 2025 համաժողովին եւ էքսպոյին, որտեղ ներկայացված էին Հայաստանի նորագույն տեխնոլոգիական լուծումները։ Տուրի մշակութային մասը հնարավորություն է տվել հյուրերին բացահայտել Հայաստանի պատմական վայրերն ու ավանդական խոհանոցը։
«Հայաստանը շարունակում է դիրքավորվել որպես տեխնոլոգիաների եւ նորարարության կենտրոն։ Միջազգային ներդրողների հետ նման փոխգործակցությունները ոչ միայն ամրապնդում են մեր էկոհամակարգը, այլեւ ստեղծում նոր զարգացումների հիմք», – նշել է Formula VC-ի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։
Investor Tour 2025-ի արդյունքներով մի շարք ներդրողներ եւ ստարտափներ արդեն սկսել են քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները։ Միջոցառումը կարեւոր քայլ էր Հայաստանի միջազգային ներդրումային վարկանիշը բարձրացնելու եւ տեղական նորարարական բիզնեսների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։
Investor Tour 2025-ը կազմակերպվել է BANA Angels-ի կողմից՝ Formula VC վենչուրային ֆոնդի, uGlobally-ի, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կողմից, RECONOMY եւ Helvetas միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) աջակցությամբ: