14:40 | 05.11.25 | Նորություններ | 100
Anthropic ընկերությունը 2028 թվականին ակնկալում է ունենալ մինչեւ 70 միլիարդ դոլարի եկամուտ եւ 17 միլիարդ դոլարի դրամական հոսք, հայտնում է The Information-ը:
Ըստ աղբյուրի՝ այս աճի կանխատեսումները պայմանավորված են Anthropic-ի բիզնեսային արտադրանքների արագ տարածմամբ։
Անցյալ ամիս Reuters-ը հաղորդեց, որ Anthropic-ը նախատեսում է հաջորդ տարի կրկնապատկել կամ նույնիսկ գրեթե եռապատկել իր տարեկան եկամտային տեմպը։ Ընկերությունը մինչեւ 2025 թվականի վերջը ծրագրում է հասնել 9 միլիարդ դոլարի տարեկան կանոնավոր եկամտի եւ 2026-ի համար սահմանել 20-26 միլիարդ դոլարի եկամուտ։
Ըստ The Information-ի՝ Anthropic-ն այս տարի ակնկալում է API-ի միջոցով իր AI մոդելներին հասանելիություն վաճառելու եկամուտը հասցնել 3.8 միլիարդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է OpenAI-ի՝ API վաճառքներից ստացած 1.8 միլիարդ դոլար եկամուտը։ Claude Code արտադրանքը մոտ է 1 միլիարդ դոլար տարեկան եկամտի, որը հուլիսին կազմում էր մոտ 400 միլիոն դոլար։
Վերջին շաբաթներին Anthropic-ի ագրեսիվ B2B ռազմավարությունը դարձել է առավել հստակ։ Microsoft-ը եւ Anthropic-ը սկսել են համագործակցել՝ Microsoft 365 հավելվածներում եւ Copilot-ում Anthropic-ի մոդելները ինտեգրելու նպատակով։ Բացի այդ, Anthropic-ն ընդլայնել է իր համագործակցությունը Salesforce-ի հետ եւ պլանավորում է իր AI օգնականը՝ Claude-ը, ներդնել Deloitte-ի եւ Cognizant-ի հարյուր հազարավոր աշխատակիցների համար։
Մոդելների կատարելագործման մասով Anthropic-ը վերջին երկու ամիսներին ներկայացրել է ավելի փոքր ու ծախսարդյունավետ Claude Sonnet 4.5 եւ Claude Haiku 4.5 մոդելները, որոնք գրավիչ են մեծածավալ AI ներդրումներ կատարող ընկերությունների համար։ Ստարտափը նաեւ ընդլայնել է Claude for Financial Services լուծումը եւ ներկայացրել Enterprise Search-ը, որը թույլ է տալիս բիզնեսներին միացնել իրենց ներքին աշխատանքային հավելվածները Claude-ին։
Anthropic-ը կարող է օգտվել իր աճից՝ նոր ֆինանսավորում ներգրավելու համար։ Ընկերությունը վերջին անգամ սեպտեմբերին ներգրավել է 13 միլիարդ դոլար, որից հետո գնահատվել է 170 միլիարդ դոլար։ Եթե Anthropic-ը կրկին ֆինանսավորում ներգրավի, ապա, ըստ The Information-ի, իր գնահատականը կարող է հասնել 300 -400 միլիարդ դոլարի։
Հրապարակման տվյալներով՝ Anthropic-ը 2028 թվականին ակնկալում է 17 միլիարդ դոլարի դրամական հոսք, սակայն դա նույնը չէ, ինչ շահույթը․ այն պարզապես նշանակում է, որ ընկերության մուտքերն ավելին են, քան ելքերը՝ գործառնական, ներդրումային եւ ֆինանսավորման գործունեություններից։ Anthropic-ի հայտնի պարտավորությունների թվում են 2.5 միլիարդ դոլարի վարկային գիծը եւ 1.5 միլիարդ դոլարի դատական փոխհատուցումը, որը վերաբերում է հեղինակային իրավունքների խախտման գործին։
OpenAI-ն, Anthropic-ի հիմնական մրցակիցը, որը վերջերս գնահատվել է 500 միլիարդ դոլար, նույնպես հետեւում է B2B ռազմավարությանը, զուգակցված հզոր սպառողական ուղղվածությամբ՝ շնորհիվ իր շաբաթական 800 միլիոն օգտատերերի։
OpenAI-ն ակնկալում է այս տարի ստանալ 13 միլիարդ դոլարի եկամուտ եւ 2027-ին հասնել 100 միլիարդ դոլարի եկամուտի։ Մինչ Anthropic-ը նախատեսում է ունենալ դրական դրամական հոսք մինչեւ 2028 թվականը, OpenAI-ը կանխատեսում է զգալի կորուստներ՝ 2026-ին հասնելով 14 միլիարդ դոլարի կանխիկ կորուստի, որը կավելանա մինչեւ 115 միլիարդ դոլար 2029 թվականին, երբ ընկերությունը մեծացնի իր ենթակառուցվածքային ծախսերը։