Հայաստանի ինտերնետ դիմակայության, թվային քաղաքականության, լայնաշերտ ինտերնետի հասանելիության եւ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններն ու մարտահրավերները քննարկվել են ArmIGF2025՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում։

Հոբելյանական ArmIGF2025 համաժողովը, որը բազմակողմանի երկխոսության բաց եւ ներառական հարթակ է, մեկտեղել էր պետական ու մասնավոր հատվածի, տեխնիկական եւ ակադեմիական համայնքների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

«Որպես .am եւ .հայ դոմենների կառավարիչ կազմակերպություն, կանգնած լինելով ինտերնետը Հայաստան բերելու ակունքներում, մենք շարունակում ենք նախանձախնդիր լինել համացանցը զարգացնելու ու տարածելու գործում։ Այն կրթական եւ տնտեսական զարգացման անփոխարինելի ռեսուրս է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի անվտանգությունն ու ապագան։ Ուստի Հայաստանն ինտերնետ դիմակայության եւ ապահովության համար առաջնայնորեն պետք է լուծի դեպի Եվրոպա կամ Ասիա իր սեփական այլընտրանքային մալուխն ունենալու հարցը»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը։

Ըստ նրա՝ արտաքին կապից կախվածությունը նվազեցնելու նպատակով պետք է զարգացվեն նաեւ թրաֆիքի փոխանակման կենտրոնները, քայլեր ձեռնարկվեն լայնաշերտ ինտերնետ կապն ամենահեռավոր համայնքներում ընդլայնելու նպատակով:

ArmIGF 2025-ում Հայաստանի ինտերնետ համայնքի ու համացանցով հետաքրքրված մասնագետները քննարկել են նաեւ թվային կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, բովանդակության կարգավորման, անվտանգության եւ օգտատերերի իրավունքների հավասարակշռման հարցերը։

Այն կազմակերպել էր «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով» միջգերատեսչական խումբը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, միջազգային՝ ICANN, RIPE NCC, IGFSA եւ այլ գործընկերների աջակցությամբ։