«Նոր տեխնոլոգիական կոալիցիան» (ներառյալ Promobot-ը, AIdol-ը, Robot Corporation-ը եւ այլն) Մոսկվայում ներկայացրել է մարդակերպ ռոբոտ AIdol-ը:
Մշակողների խոսքով՝ ռոբոտը կարող է կատարել երեք խնդիր՝ տեղաշարժվել, մանիպուլացնել առարկաները եւ հաղորդակցվել։ Սարքը հագեցած է երկու ստերեո տեսախցիկով եւ իներցիոն մոդուլով։
Շնորհանդեսի ժամանակ ռոբոտը մոտեցել է լսարանին, մի քանի քայլ արել բեմում եւ ընկել։ AIdol-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Վիտուխինը սա բնութագրել է որպես «իրական ժամանակի ուսուցում»։ «Հաջող սխալը վերածվում է գիտելիքի, իսկ դժբախտ սխալը՝ փորձի։ Հուսով եմ, որ այս սխալը կվերածվի փորձի»,- ասել է նա։
Հրապարակումների համաձայն՝ ռոբոտի արագությունը մինչեւ 6 կմ/ժ է։ Նրա մարտկոցի աշխատանքային ժամանակը մինչեւ վեց ժամ է։ Ռոբոտը կարող է բռնել մինչեւ 10 կգ քաշ ունեցող առարկաներ։ Սարքն օգտագործում է «77% ռուսական բաղադրիչներ», տեղայնացման տոկոսը մինչեւ 93% բարձրացնելու ծրագրով։
Մշակողները որպես ռոբոտի հիմնական տարբերակիչ գործոն նշում են դեմքի կենդանի արտահայտությունները եւ հույզերը ցուցադրելու ունակությունը։ Ռոբոտի դեմքը հագեցած է 19 սերվո շարժիչով, որոնք աջակցում են առնվազն 12 հիմնական հույզի։ Այն նաեւ ունի յոթ միկրոֆոն։