Google-ը ներկայացրել է Gemini 3 Pro-ն, որը հասանելի է բաժանորդների համար որոնման AI ռեժիմում։ 

Մոդելը հասանելի է նաեւ AI Studio-ում, Vertex AI-ում եւ նոր Google Antigravity հարթակում, հայտարարել է ընկերությունը։

Google-ը նշել է, որ Gemini 3 Pro-ի նախնական տարբերակը «զգալիորեն գերազանցում է» Gemini 2.5 Pro-ին բոլոր հիմնական չափանիշներով եւ ունակ է լուծել բարդ խնդիրներ լայն թեմաների շուրջ։ 

Իր պատասխաններում մոդելը առաջարկում է այն, ինչ օգտատերը «պետք է լսի», այլ ոչ թե այն, ինչ նա «ցանկանում է լսել»։ 

Ընկերության խոսքով՝ ավելի լավ է հասկանում հարցման նրբությունները եւ կարող է տրամադրել ինտերակտիվ պատասխաններ։ Ընկերությունը խոստանում է շուտով ԱՄՆ-ի բոլոր օգտատերերի համար բացել Gemini 3-ի AI ռեժիմի հասանելիությունը՝ Google AI Pro եւ Ultra բաժանորդների համար ավելի բարձր սահմանափակումներով։


Gemini հավելվածում Gemini 3 Pro մոդելը պատասխանները դարձնում է ավելի օգտակար եւ հակիրճ, իսկ Canvas-ում օգտատերերի կողմից ստեղծված հավելվածներն՝ ավելի հզոր։ 

Ընկերությունը նաեւ ներկայացրել է Gemini 3 Deep Think-ը՝ բարելավված դատողության ռեժիմ, որը գերազանցել է Gemini 3 Pro-ին «Մարդկային եզրափակիչ քննություն» թեստում, կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի GPQA Diamond թեստում եւ ընդհանուր ինտելեկտի ARC-AGI-2 թեստում։


Gemini 3 Deep Think-ը ներկայում հասանելի է անվտանգության փորձարկողների համար։ Ընկերությունը նախատեսում է Google AI Ultra բաժանորդներին հասանելիություն տրամադրել առաջիկա շաբաթներին։ 

Google Antigravity-ն ինտեգրված մշակման միջավայր է (IDE), որը կենտրոնացած է AI գործակալների օգտագործման վրա՝ օգտատիրոջ անունից առաջադրանքներ կատարելու եւ կոդը վերանայելու համար։ Այն անվճար հասանելի է հանրային նախադիտման տարբերակով՝ Gemini 3 Pro-ի համար օգտագործման սահմանափակումներով։