16:53 | 24.11.25 | Նորություններ | 59
Նոյեմբերի 24-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բիզնես նախաճաշի ձեւաչափով հանդիպել է Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ընկերությունների ղեկավարների հետ:
Քննարկման առանցքում են եղել կիսահաղորդչային ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների արտահանման եւ ներմուծման վերահսկողության ընթացակարգերի հետ կապված գործնական հարցերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված «Արհեստական բանականության եւ կիսահաղորդչային ոլորտում նորարարական գործընկերության» հուշագրից բխող նոր հնարավորություններին եւ այդ համատեքստում առաջիկա անելիքներին։
Հանդիպման մասնակիցները կարեւորել են նման ձեւաչափով միջոցառումների նշանակությունը՝ որպես պետության եւ մասնավոր հատվածի միջեւ բաց, արդյունավետ եւ շարունակական երկխոսություն ապահովելու հարթակ։ Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համատեղ աշխատանքը շարունակելու եւ համակարգված մոտեցումներ մշակելու ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը եւ միջազգային մրցունակության բարձրացմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաեւ Synopsys, AMD, CISCO, Emerson (NI), Siemens ընկերությունների, «Ներդրումների աջակցման կենտրոնի» եւ տեխնոլոգիական ոլորտի միությունների ներկայացուցիչները։