«Երբ մարդիկ դա տեսնում են, ասում են՝ «վերջ, սա՞ էր․․․ այսքան պա՞րզ»»,- այսպես է OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը նկարագրում, թե ինչպես մարդիկ հավանաբար կարձագանքեն, երբ առաջին անգամ տեսնեն սպասվող արհեստական բանականության սարքը։

Այն OpenAI-ի եւ Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվի համագործակցության արդյունքն է։ Առայժմ շատ բան հայտնի չէ դրա մասին, բացի այն լուրերից, որ կլինի «էկրան չունեցող» եւ գրպանի չափ։

Այս տարվա սկզբին OpenAI-ը գնել է Այվի դիզայներական ստարտափը՝ io-ն, որպեսզի մասսայաբար հասանելի դարձնի AI-ը տեխնիկական գաջեթների միջոցով։ Սեմ Ալթմանն ու Այվը ավելի մանրամասն խոսել են իրենց տեսլականի մասին՝ Սան Ֆրանցիսկոյում Emerson Collective-ի դեմո օրվա ընթացքում։

Չնայած OpenAI-ը դեռ չի բացահայտում սարքի մանրամասները, որը գտնվում է նախատիպի փուլում, Այվն ու Ալթմանը նկարագրել են սարքի «վայբը»։

Ամենից ուշագրավն այն է, որ Ալթմանը սարքը համեմատել է iPhone-ի հետ՝ կոչելով «մինչ այժմ սպառողական տեխնոլոգիական արտադրանքների գագաթնակետը»։ Նա ասել է, որ իր կյանքը կարելի է բաժանել iPhone-ից առաջ եւ հետո։

Միեւնույն ժամանակ, Ալթմանը դժգոհել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները լի են շեղող գործոններով։ 

«Երբ օգտագործում եմ ներկա սարքերը կամ հավելվածների մեծ մասը, ինձ թվում է՝ քայլում եմ Նյու Յորքի Թայմս Սքվերովով, որտեղ անընդհատ ինչ-որ փոքր անհարմարությունների եմ բախվում՝ դեմքիս առաջ թարթող լույսեր… մարդիկ հարվածում են ինձ, աղմուկ է… Դա անհանգիստ զգացողություն է»,- ասել է նա։ Ալթմանի կարծիքով՝ լուսավոր ծանուցումները եւ դոպամին հետապնդող սոցիալական հավելվածներն են, որ սխալ ուղղությամբ են տանում տեխնոլոգիաները։

«Դրանք ոչ մեկին խաղաղություն ու հանգստություն չեն տալիս, մեզ չեն թողնում կենտրոնանալ մեր գործերի վրա»,– ասել է նա։

Ալթմանը նշել է, որ AI սարքը նման կլինի «աշխարհի ամենագեղեցիկ տնակներից մեկում նստելու զգացողությանը, որը գտնվում է լճի եւ լեռների մոտ՝ խաղաղ ու հանգիստ մթնոլորտով»։ Նրա խոսքով՝ սարքը պետք է կարողանա ֆիլտրել ավելորդ քայլերը, նաեւ հասկանա կոնտեքստը եւ իմանա՝ երբ է ճիշտ ժամանակը օգտատիրոջն ինչ-որ բան ցույց տալու կամ կարծիք հարցնելու համար։

Ջոնի Այվը միջոցառման ընթացքում հաստատել է, որ սարքը հասանելի կլինի երկու տարուց քիչ ժամանակում։

«Սիրում եմ այն լուծումները, որոնք իրենց պարզությամբ գրեթե միամիտ են թվում։ Ես սիրում եմ անչափ խելացի, բարդ արտադրանքներ, որոնք ուզում ես ձեռքդ վերցնել, որոնցից չես վախենում եւ օգտագործում ես գրեթե անխնա՝ առանց մտածելու։ Դրանք պարզապես գործիքներ են»,– ասել է Այվը։