14:01 | 09.12.25 | Նորություններ | 132
Դոնալդ Թրամփը թույլատրել է Nvidia H200 պրոցեսորների արտահանումը Չինաստան՝ ընկերության եկամտի 25%-ի դիմաց։
Այս պրոցեսորներն անհրաժեշտ են արհեստական բանականության մոդելների մարզման համար։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն տեղեկացրել է այդ մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, որին «դրական արձագանք է տվել»։
Չիպերը կմատակարարվեն վստահելի հաճախորդներին ազգային անվտանգության պահպանումն ապահովող պայմաններով։ Intel-ին եւ AMD-ին նույնպես կարող է տրվել ավելի հզոր պրոցեսորներ արտահանելու իրավունք։
Հրապարակումը նշում է, որ H200 պրոցեսորները գերազանցում են բոլոր չինական պրոցեսորներին եւ ավելի հզոր են, քան H20-ի «մաքրված» տարբերակը, որը հատուկ նախագծված է Չինաստանի համար։
Որոշումը չի վերաբերում նույնիսկ ավելի առաջադեմ տարբերակներին, ինչպիսիք են Blackwell-ը եւ ապագա Rubin-ը։
2022 թվականին ԱՄՆ իշխանությունները սահմանափակել են Nvidia-ի առաջադեմ պրոցեսորների արտահանումը Չինաստան՝ դրանց ռազմական օգտագործման վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ 2025 թվականի ապրիլին Թրամփի վարչակազմը արգելել էր Nvidia-ին H20 չիպեր արտահանել Չինաստան։
2025 թվականի օգոստոսին լրատվամիջոցները հայտնել են, որ Nvidia-ն եւ AMD-ն համաձայնության են եկել ԱՄՆ իշխանությունների հետ. ընկերություններին թույլատրվելու է Չինաստանին վաճառել որոշակի չիպերի մոդելներ, բայց պարտավոր կլինեն այդ վաճառքից ստացված եկամտի 15%-ը վճարել ԱՄՆ բյուջե։
Ի պատասխան՝ չինական իշխանությունները ծանուցումներ են ուղարկել մի քանի ընկերությունների՝ կոչ անելով նրանց հրաժարվել Nvidia H20 եւ AMD MI308 չիպերից։ Սա հիմնականում ազդել է պետական ձեռնարկությունների եւ պետական պայմանագրերը կատարող մասնավոր ընկերությունների վրա։