ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «ԷՅ ԷՄ ԴԻ» (AMD) ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբոնսի հետ: 

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը եւ AMD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Րաֆֆի Քասսարջյանը։

Նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերը, կարեւորել AMD-ի դերը եւ ընդլայնվող ներկայությունը Հայաստանում։

Նախարարը ներկայացրել է նաեւ տեխնոլոգիական ոլորտի ներդրումային նախաձեռնությունները, որի շրջանակում քննարկվել են AMD-ի նորարարական ծրագրերն ու հետազոտությունների եւ փորձարարական մշակումների (R&D) ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 

Դեն Գիբոնսն իր հերթին ներկայացրել է AMD-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ Հայաստանում ընթացող ծրագրերի ընթացքը՝ ընդգծելով ընկերության հետաքրքրվածությունը ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ներմուծման եւ արտահանման ընթացակարգերի պարզեցման, առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության վերաբերյալ մի շարք հարցեր։ 

 
Ուշադրություն է դարձվել համալսարանական եւ ակադեմիական գործընկերության զարգացմանը։ Կարեւորվել են համատեղ կրթական ծրագրերի եւ հետազոտական նախաձեռնությունների հնարավորությունները, լաբորատոր հզորությունների աջակցման մեխանիզմները եւ մասնագիտական տաղանդների զարգացման ուղիները։ 

Այս համատեքստում ընդգծվել են այն ռազմավարական հմտությունները, որոնք կարեւոր են AMD Armenia-ի հետագա զարգացման եւ առաջատար տեխնոլոգիական լուծումների՝ ներառյալ արհեստական բանականության եւ առաջադեմ սարքավորումների ներդրման համար։