Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը «Viva University» ծրագրում ընդգրկված ուսանողների համար հանդես է եկել «Ժամանակակից անլար համակարգեր, IoT եւ ցանցեր» խորագրով դասախոսությամբ: 

Ավետիսյանը խոսել է IoT-ի (իրերի ինտերնետ) տեխնոլոգիայի զարգացման միտումների, կիրառական լուծումների, ինչպես նաեւ թվային դարաշրջանում բիզնես առաջնորդության կարեւորության մասին։ 

«Թվայնացումն իր հետ բերում է բիզնես մոդելների եւ գործընթացների փոփոխություն՝ ազդելով նաեւ սոցիալ-տնտեսական ու հասարակական զարգացումների վրա։ Ընկերությունները պետք է պատրաստ լինեն արագ արձագանքել թվային փոխակերպման առաջարկած հնարավորություններին, որոնցից մեկն էլ Իրերի ինտերնետն է (IoT)», – ասել է Արմեն Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ավանդական հեռահաղորդակցության ենթակառուցվածքը համեմատելիս թվային տնտեսության երակների հետ, IoT-ցանցերը՝ համատեղ հարթակների, մեծ տվյալների եւ արհեստական բանականության հետ, դառնում են դրա նյարդային համակարգը եւ ուղեղը։ 

«Narrowband IoT-ը ընդամենը գործիք է տեխնոլոգիաների մեծ հավաքածուում, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում “զգալ” քաղաքի, բիզնեսի եւ շրջակա միջավայրի վիճակը եւ այդ ազդակները վերափոխել իմաստալից լուծումների։ Մարդկանց համար սա նշանակում է ավելի հարմար եւ անվտանգ ծառայություններ առօրյա կյանքում, բիզնեսի համար՝ թափանցիկ գործընթացներ, կանխատեսելի սպասարկում եւ արդյունավետության աճ, իսկ պետության համար՝ տվյալահենք խելացի ենթակառուցվածք եւ հանրային ծառայությունների որակի բոլորովին նոր մակարդակ», - նշել է Ավետիսյանը։

Viva-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ներկայում Viva-ն իրականացնում է «Narrowband IoT» հատուկ ցանցի կոմերցիոն շահագործում։ Այս նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ կառուցված է Իրերի ինտերնետի համար եւ նախատեսված է բջջային ցանցերին միացնելու ինքնավար բազմաթիվ սարքեր ու սարքավորումներ։

Իրերի ինտերնետը տեխնոլոգիական միջավայր է, որտեղ տարբեր սենսորներ եւ սարքեր միացված են ինտերնետին եւ միմյանց հետ փոխանակում են տվյալներ առանց մարդու միջամտության։ Օրինակ՝ խելացի ջրաչափերը, էլեկտրաէներգիայի հաշվիչները, ավտոկայանման սենսորները, շրջակա միջավայրի մոնիտորինգի սարքերը, գյուղատնտեսական խոնավաչափերը եւ այլն։

«Այսօր արտադրությունում եւ կենցաղում IoT համակարգերի մշակման, ներդրման եւ սպասարկման համար անհրաժեշտ են նոր հմտություններով մասնագետներ։ IoT տեխնոլոգիաների դերը գնալով մեծանում է, քանի որ դրանց վրա է հիմնվում արհեստական բանականության հետագա զարգացումը, որն իր հերթին կարող է զգալիորեն բարձրացնել բիզնես գործընթացների արդյունավետությունն ու կյանքի որակը», – նշել է Արմեն Ավետիսյանը։