Հայկական Areg.ai-ը, որի առաքելությունը մեծ արեւային կայանները ռոբոտների եւ արհեստական բանականության միջոցով ավտոնոմ դարձնելն է, ներկայացրել է «Սոբոտ» անունով առաջին արեւային ռոբոտին։

«Մեկ տարում շատ մեծ առաջընթաց ենք գրանցել. ներգրավել ենք $6 միլիոն ներդրում, պատրաստել ենք պլատֆորմը, դրոնների նկարների հիման վրա խնդիրների հայտնաբերման ալգորիթմը, մոբայլ հավելվածները եւ այլն։

Բայց ինձ համար յուրահատուկ ձեռքբերում են մեր ռոբոտները։

Ներկայացնեմ արեւային ռոբոտին՝ անունը Սոբոտ։ Հիմնական գործառույթներն են՝ արեւային վահանակների զննում (ինսպեկցիա), խոտ հնձելը, խոշոր կենդանիներին վախեցնելը, տեսանկարահանումը, պտուտակների ամրացումը։ Եկող տարի պլանավորում ենք Սոբոտի եւ մեր մյուս ռոբոտների արտադրությունը հիմնել Հայաստանում եւ արտահանել արեւմտյան շուկաներ։

Երեկ առաջին նախատիպը ներկայացրինք թիմին, ու այդ պահին հասկացա, որ ռոբոտների հետ էմոցիոնալ կապը շատ ավելի ուժեղ է, քան AI-ի հետ, թեկուզ միայն նրա համար, որ ռոբոտին կարող ես գրկել»,- գրել է Areg.ai-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։



Areg.ai-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրենը Հայկ Հարությունյանն է, որը 15 տարի վերականգնվող էներգիայի ոլորտում է, նախկինում եղել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին փոխնախարար։ Արտավազդ Մինասյանը տեխնոլոգիական ձեռնարկատեր է Krisp եւ 10Web-ի համահիմնադիրը եւ Արմեն Ղարիբյանը LEED-ի կողմից հավատարմագրված էներգաարդյունավետության փորձագետ է, ղեկավարել է Հայաստանում ամենամեծ արեւային ֆոտովոլտային պորտֆելի կառուցումը։