Արդեն տասը տարի Viva-ն կիրառում է կրթական հաջողված մոդել՝ կադրերի պատրաստման հարթակ դառնալով ոչ միայն իր, այլեւ աշխատաշուկայի համար: 

Ծրագիրն ինքնաբացահայտման եւ զարգացման հնարավորություն է տալիս բուհական կրթությունից աշխատաշուկա ճանապարհն անցնող ուսանողներին: Տեսական գիտելիքներն իրական միջավայրում գործնական հմտությունների եւ կարողության վերածելը մասնագիտացման ամենաարդյունավետ ճանապարհն է: 

Տասը տարվա ընթացքում Viva-ն նման հնարավորություն է ընձեռել շուրջ 350 ուսանողի: Լավագույն արդյունք ապահովածներից 85 շրջանավարտի համար Viva-ն դարձել է նաեւ մասնագիտական աճի հնարավորություն ընձեռող գործատու: 

Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված 5-րդ հոսքի հերթական խմբի ուսանողներն ավարտել են երկամսյա ծրագիրն ու ստացել ավարտական հավաստագրեր: Դրանք շրջանավարտներին հանձնելով՝ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ծրագիրը գնահատել է որպես երկկողմ արդյունավետություն ապահովող կարեւոր հարթակ:

«Արդեն տասը տարի այս կրթական մոդելի միջոցով մեզ հաջողվել է կարեւոր ձեռքբերում արձանագրել աշխատաշուկայում: Այստեղ պատրաստվում են պահանջված կադրեր, ինչը կարեւոր է ցանկացած գործատուի համար, իսկ ուսանողներն ունենում են ուսումից աշխատանքի անցնելու իրական հնարավորություն: Այս հավաստագրերը փորձառության փաստ են եւ կարող են առավելություն լինել՝ աշխատաշուկա մտնելու համար: Մենք երկարաժամկետ արդյունք ստանալու կողմնակից ենք, որը հստակորեն արտացոլված է ծրագրում»,-ասել է Արմեն Ավետիսյանը:

Ծրագրի հինգերորդ հոսքի հերթական խմբի շրջանավարտները երկու ամսվա ընթացքում Viva-ի սպասարկման տարբեր կենտրոններում բացահայտել են գործընկերային հաղորդակցման նրբությունները, ծանոթացել միջֆունկցիոնալ գործակցության սկզբունքներին ու բացահայտել թիմային աշխատանքի կարեւորությունը: Ծրագրի շրջանավարտները համոզվել են, որ փորձառու մասնագետի աջակցությունը կարեւոր է: Հաճախորդին լսելու, նրա կարիքները բացահայտելու, խորհրդատվության եւ խնդրին արագ ու համարժեք արձագանքելու կարողություններն արժեքավոր են՝ բաժանորդի գոհունակությունն ապահովելու համար: Տեխնոլոգիական առաջատարության հետ մեկտեղ՝ ընկերությունը պետք է լինի նաեւ հաճախորդամետ:

Տարիների հետ փոխվում են թե´ բիզնես-կառավարումը, մոտեցումներն ու տեխնոլոգիաները, թե´ հաճախորդի պահանջները: Կարեւորելով այդ զարգացումները՝ Viva-ն «հաճախորդ-սպասարկում» օղակում առկա գոհունակությունը պահպանելու եւ այն զարգացնելու լուրջ ջանքեր է գործադրում: Բիզնես գործընթացներին՝ ապրանքներ եւ ծառայություններ առաջարկելուն զուգահեռ, հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրք զբաղեցնող ընկերությունը պատասխանատու մոտեցում է դրսեւորում երկրի եւ հասարակության նկատմամբ: