12:35 | 25.12.25 | Նորություններ | 263
Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում գտնվող Լեգենդների փառքի արահետում պաշտոնապես բացվել են Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023, 2024 թվականների դափնեկիրների անվանական աստղերը։
Այդ մրցանակակիրներն են Adobe-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը (2022 թ․), Infosys-ի հիմնադիր Նարայանա Մուրթին (2023 թ․) եւ AIPLAB կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Հագիվարան (2024 թ․)։
Հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն, միջազգային ընտրող հանձնաժողովի անդամ Բագրատ Ենգիբարյանը, Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գեւորգյանը, ինչպես նաեւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ կառավարության եւ տեխնոլոգիական համայնքի մոտեցումների կենտրոնում անհատն է՝ որպես նորարարության, առաջնորդության եւ համամարդկային արժեքների ստեղծող։ Նրա խոսքով՝ այն անհատները, որոնք իրենց գիտելիքով, նախաձեռնողականությամբ եւ նորարարական մտածողությամբ նպաստում են տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը, արժեք են ձեւավորում ոչ միայն իրենց կազմակերպությունների, այլեւ ողջ մարդկության համար։
«Ինժեներական քաղաքի Փառքի արահետում անվանական աստղերի տեղադրումը մարդկության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին արժանացած դափնեկիրների նկատմամբ մեր երկրի եւ ժողովրդի կողմից տածած ակնածանքի եւ գնահատանքի ապացույցն է»,- նշել է Հովիկ Մուսայելյանը։
16 տարի շարունակ Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է։ Հաջողված գործակցության արդյունքում տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում եւ համաշխարհային տնտեսության մեջ:
«Լեգենդների փառքի արահետում ՏՏ ոլորտի համաշխարհային մեծությունների անվանական աստղերի բացումը հարգանքի նշան է նրանց հանդեպ եւ ոգեշնչող օրինակ մեր երիտասարդության համար, թե ինչպես է պետք ապրել, աշխատել, ունենալ տեսլական ու համարձակություն ոտք դնել այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք չի քայլել: Նրանք առաջնորդության օրինակներ են, որոնք ուղենշում են, թե ինչպես է ստեղծվում բոլորովին նորը, որ փոխում է աշխարհի ու տեխնոլոգիաների մասին պատկերացումները։ Առաջին իսկ օրվանից Viva-ն հավատացել է այս գաղափարին եւ 16 տարի անընդմեջ ՏՏ ոլորտում Պետական մրցանակի գործընկերն է»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գեւորգյանը:
Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։ Մրցանակաբաշխությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Գլխավոր գործընկեր՝ Viva ընկերություն: