Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է, որ մինչեւ 2028 թվականը Լոռու մարզկենտրոնում կբացվի Թումո։
«Լոռին վաղուց էր սպասում այս իրադարձությանը։ Մենք ոգեւորված ենք Թումոյի նորարարական կրթական մոդելը Վանաձոր բերելու հնարավորությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտների հասանելիությունը մարզի 5 500 պատանիների համար։ Ուսանողները կստանան Թումոյի լիարժեք փորձառություն՝ ինքնուսուցումից մինչեւ գործնական դասընթացներ միջազգային մասնագետների հետ ու աշխատարաններ, որոնք հետաքրքրասիրությունը կվերածեն իրական հմտությունների։ Վանաձորը երկար ժամանակ Հայաստանի մշակութային եւ արդյունաբերական կենտրոններից մեկն էր, եւ այս կենտրոնը կշարունակի այդ ժառանգությունը՝ ներդրում անելով մարզի հաջորդ սերնդի կրթության մեջ»,- նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։
Նախագիծն իրականություն է դարձել բարերարների առաջնորդության շնորհիվ։ Ֆինանսավորումը հնարավոր է դարձել միասնական ահռելի ջանքերի շնորհիվ։ Մի բարերար ընտանիք կատարել է 5 միլիոն դոլարի նվիրատվություն, որը որոշիչ դեր կունենա շատ պատանիների կյանքում։ Նվիրատվությունն անանուն է՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել Հայաստանի պատանիների եւ Թումոյի առաքելության վրա
Հայաստանի կառավարությունը Թումոյին է նվիրաբերել պատմական շենք Վանաձորում՝ նախկին Սպայի տունը, որտեղ էլ կգործի նոր Թումո կենտրոնը։ Երկար ժամանակ լքված լինելուց հետո կառույցը կվերականգնվի եւ կվերաիմաստավորվի՝ ծառայելով որպես Լոռու մարզի ակտիվ կրթական կենտրոն։