Ամփոփվել են «Ծիլ տուր հայերեն-2025» ստեղծագործական մրցույթի արդյունքները: 

Չորս տարի առաջ, «Ծիլ» կրթական ծրագրով ստեղծվել է հարթակ՝ աշխարհասփյուռ հայ պատանիներին համախմբելու եւ հայկականության պահպանմանն ուղղված քայլերի համար, որին միացել է Viva-ն: 

Առցանց տիրույթում իրականացված մրցույթը 2025 թվականի կրել է «Իմ անունով երկիրը» խորագիրը: Արձանագրվել է Հայաստանի եւ Սփյուռքի պատանիների ակտիվ մասնակցության ցուցանիշ` 200 հայտ: 

Մասնակիցներին հնարավորություն է տրվել հայրենիքի, ինքնության եւ պատկանելության մասին իրենց պատկերացումներն արտահայտել հայերենով կամ օտար լեզուներով:

«Այս նախաձեռնության կարեւորությունն անգնահատելի է: Սա ոչ թե ուղղակի շարադրության կամ ստեղծագործական մտքի մրցույթ է, այլ հայկական մեծ սփյուռքի երիտասարդությանը համախմբելու ռազմավարական քայլ: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այս հարթակը կապում է աշխարհի տարբեր մասերում ապրող հայերի ժառանգներին՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով են նրանք արտահայտում իրենց մտքերը, անգամ՝ օտարագիր:  

Ինձ քաջ ծանոթ է սփյուռքի փորձը. լեզուն մեր ինքնության հիմքն է, սակայն պատկանելությունը չափվում է ոչ թե առոգանությամբ կամ լեզվի իմացությամբ, այլ ժողովրդի եւ մշակույթի հետ ներքին կապով: Ես սիրում եմ «Իմ անունով երկիրը»: Համոզված եմ, որ անկախ լեզվից՝ բոլորի աշխատանքներում արտահայտվել է մտքի նույն ջերմությունը»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Աշնանը մեկնարկած մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են: Դրանք գնահատող հանձնաժողովի անդամներն արձանագրել են ձեռքբերումներն ու արել կարեւոր դիտարկումներ՝ հետագայում մրցույթի ազդեցությունն ավելի թիրախային դարձնելու համար: 

Արեւելահայերենով, արեւմտահայերենով եւ հայերենի տարբեր բարբառներով  ինքնատիպ աշխատանքներ են ներկայացվել գրական ստեղծագրության, տեսողական արվեստի եւ օտարագիր (խրախուսական) անվանակարգերում։ Սփյուռքից ստացվել են նաեւ  ռուսերեն, անգլերեն եւ իսպաներեն գրված աշխատանքներ:

«Հաճելի է արձանագրել, որ թվային տեխնոլոգիաների դարում, սերունդների եւ համայնքների միջեւ լեզվական ու մշակութային կամուրջ ստեղծելու ճանապարհին, «Ամրոց» հիմնադրամին միացավ հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Viva-ն: Երազանքս է տեսնել լեզվով ամուր սերունդ, որը սիրում է հայերենն ու այդ սերը փոխանցում աշխարհին», - ասել է «Ամրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Անի Ղարաբաղցյանը։
 
Կայացել է մրցույթի պաշտոնական փակումն ու կազմակերպվել մրցանակաբաշխությունը: Հիմնական անվանակարգերում առանձնացվել, դրամական ու խրախուսական մրցանակի է արժանացել 3-ական լավագույն աշխատանք: Իսկ առաջին անգամ ներկայացված՝ «Օտարագիր» խրախուսական անվանակարգում լավագույն աշխատանքների հեղինակները  ստացել են հայագիտական կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորություն: