09:51 | 11.02.26 | Նորություններ | 161
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում Երեւանում կայացել է Հայաստան - ԱՄՆ տեխնոլոգիաների եւ նորարարության գագաթաժողովը:
«Հայաստանը նպատակային եւ վճռական քայլեր է ձեռնարկում տեխնոլոգիաների եւ նորարարության իր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, մենք հստակ գիտակցում ենք, որ այս ոլորտներում կայուն առաջընթացը հնարավոր չէ մեկուսացված պայմաններում։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կարեւորություն է տրվում Միացյալ Նահանգների կառավարության, ինչպես նաեւ առաջատար մասնավոր ընկերությունների եւ հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմանը», - ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքական ավագ խորհրդական Ջոնաթան Ասքոնասի խոսքով՝ Հայաստանը եւ ԱՄՆ-ն հստակ գիտակցում են, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունը տնտեսական աճի եւ հնարավորությունների ստեղծման հիմնական շարժիչ ուժերն են։
«Կարծում եմ՝ Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի լավագույն պահպանված գաղտնիքներից մեկն է: Միջազգային տեխնոլոգիական հանրությունը դեռ լիարժեք չի բացահայտել այն բացառիկ խորությունն ու ներուժը՝ մարդկային կապիտալի, կարողությունների եւ ներդրումային հնարավորությունների առումով, որոնք առկա են Հայաստանում», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
«Shield AI» ընկերության միջազգային բիզնեսի զարգացման եւ ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլին իր ելույթում ընդգծել է Հայաստան-ԱՄՆ ռազմական եւ պաշտպանական ոլորտում հաստատված գործակցությունը։
«Shield AI-ը համագործակցում է Հայաստանի հետ՝ ուսումնասիրելով գործընկերության հնարավորությունները օդանավերի բաղադրիչներ արտադրող ընկերությունների հետ՝ V-BAT անօդաչու թռչող սարքերի եւ այլ անօդաչու համակարգերի համար։ Ընկերությունը տրամադրում է իր Hivemind ինքնավարության ծրագրային ապահովումը՝ այդ հարթակներն ավելի խելացի, արդյունավետ եւ մարդկանց համար ավելի դյուրին կառավարելի դարձնելու նպատակով», - ասել է Քրիս Բրինքլին:
«Synopsys Armenia»-ի նախագահ Երվանդ Զորյանն իր հերթին ներկայացրել է ընկերության դերը Հայաստանում կիսահաղորդիչների նախագծման եւ արհեսական բանականության ոլորտում եւ ընդգծել.
«Վերջերս մենք հայտարարել ենք ռազմավարական գործընկերության մասին NVIDIA-ի հետ՝ այս լուծումները նրանց GPU-ների վրա գործարկելու նպատակով, ինչպես նաեւ NVIDIA-ն իրականացրել է էական ներդրում՝ դառնալով Synopsys-ի համասեփականատեր», - նշել է Զորյանը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի օրերին YouTube-ը հայտարարել է իր YouTube Partner Program (YPP) գործընկերային ծրագրի մեկնարկի մասին Հայաստանում, որը նախատեսվում է գործարկել այս գարնանը։
Գագաթաժողովին տեսաուղերձով միացել է Ռայան Գուդնայթը՝ Starlink-ի շուկայի հասանելիության եւ զարգացման ավագ տնօրենը SpaceX-ում եւ հայտարարել, որ համագործակցում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ Հայաստանի 100 դպրոց ապահովելու բարձր արագությամբ ինտերնետով: