17:40 | 26.02.26 | Նորություններ | 109
Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին եւ երկրի ներդրումային գրավչությանը։
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարությունը, արձանագրված առաջընթացն ու առաջիկա նպատակները պարբերականի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա անդրադարձել է ԲՏԱ նախարարության համակարգային փոփոխություններին՝ շեշտադրելով պետական աջակցության 7-ամյա ծրագրի նշանակությունը, որի շրջանակում ներդրվել են հարկային արտոնություններ եւ ֆինանսական աջակցության մրցունակ մեխանիզմներ՝ նպատակ ունենալով արագացնել տեխնոլոգիական ոլորտի աճը եւ բարձրացնել միջազգային մրցունակությունը։
Նախարարի խոսքով՝ երկրի ռազմավարական նպատակն է «կոդ գրող» երկրից վերածվել իրական տեխնոլոգիական հանգույցի, որտեղ նախագծվում, արտադրվում եւ ամբողջ աշխարհին է առաջարկվում հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքը։
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում չկա որեւէ իրավական սահմանափակում կամ պահանջ՝ տեղական ընկերությունների հետ պարտադիր գործընկերության վերաբերյալ։ Փոխարենը, բազմաթիվ կորպորացիաներ ձեռք են բերում հայկական ստարտափներ կամ համագործակցում են նրանց հետ՝ բացառիկ տաղանդներ եւ ինովացիոն ռեսուրսներ ներգրավելու նպատակով։
Որպես հայկական տեխնոլոգիական մտքի հաջողության օրինակ՝ նախարարը մատնանշել է Picsart ընկերությունը, որը տեղական փոքր ստարտափից վերածվել է միլիարդավոր դոլարների գնահատմամբ (unicorn) գլոբալ հսկայի։
Անդրադարձ է կատարվել նաեւ 2025թ օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրին, որը նշանավորում է համագործակցության նոր փուլ՝ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ԱԲ զարգացումը, այդ թվում՝ Firebird-ի հետ իրականացվող նախագիծը եւ ԱԲ տվյալների կենտրոնների (Data Centers) ենթակառուցվածքների տեղակայումը, ունեն ռազմավարական նշանակություն։
Ներկայացվել է նաեւ ԱԲ վիրտուալ ինստիտուտի գործունեությունը, որը նորարարներին եւ ստարտափներին առաջարկում է անհրաժեշտ ամպային (cloud) ռեսուրսներ ու պատրաստի տեխնոլոգիական լուծումներ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։