Մեկնարկել են «Արհեստական բանականության սերունդ» փորձարարական ծրագրի տեղեկատվական հանդիպումները ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարան փոխադրվող երեխաների եւ նրանց ծնողների համար։
2025-2026 ուսումնական տարում «ԱԲ սերունդ» ծրագիրը հասանելի է լինելու ՀՀ բոլոր մարզերում. այդ նպատակով 22 ավագ դպրոցում նախատեսվում է ընդունելություն։
«ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրն իրականացվում է 2023 թվականից՝ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ:
Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագրի շրջանակում արդեն ավագ դպրոցից սովորողներն ուսումնասիրում են արհեստական բանականություն, Python ծրագրավորման լեզու եւ խորացված հանրահաշիվ։
Տեղեկատվական հանդիպումները կազմակերպվում են ծրագրի մանրամասները, հնարավորություններն ու ընդունելության կարգը ներկայացնելու նպատակով: Տեղեկատվական հանդիպումների ժամանակացույցին ծանոթանալու ու մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով։
«ԱԲ սերունդ» ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է հիմնադրամի կայքում։